Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Տեր-Պետրոսյանը սիրում է իր շրջապատի վրա հումորներ անել, մի բան է ասել ու բոլորին դրել է դրա տակ, ինքն էլ հեռվից նայում՝ քմծիծաղում է». (Տեսանյութ)

Մարտ 10,2017 21:24

«ՀԺԿ-ի առաջնորդից հստակ դիրքորոշում, արցախյան խնդրի կարգավորման մասին, չեմ լսել»,-այսպես արձագանքեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մեր այն դիտարկմանը,  որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն-հաշտություն-բարիդրացիություն» կարգախոսով,  որը նաեւ, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր իր հոդվածում նշել, ենթադրում է արցախյան հարցում փոխզիջում՝ խաղաղության եւ միջանկյալ կարգավիճակի դիմաց, մինչդեռ այլ քաղաքական ուժերը դեմ են նման դիրքորոշմանը:

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը  սիրում է նաեւ իր շրջապատի վրա հումորներ անել, եւ իր թիմակիցներին դրել է մի վիճակի մեջ, որոնք փորձում են իրենց պատռելով՝ մեր հասարակությանն ապացուցել անապացուցելին: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանին յուրահատուկ է՝ նաեւ իր շրջապատի վրա մի քիչ հումորներ անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան է ասել ու բոլորին դրել է դրա տակ, ու բոլորը փորձում են իր ասածները կրկնել կամ իր ասածներն արդարացնել, ինքն էլ նստում, հեռվից նայում՝ քմծիծաղում է»:

Իսկ թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արցախյան խնդրի կարգավորման հարցի մասին, պարոն Վարդանյանն ասաց. «Նայեք բոլոր մյուս քաղաքական ուժերին, չէ՞ որ բոլորը նույն բաներն են ասում, ինչը միշտ ասել է Դաշնակցությունը: Արցախյան ազատամարտը կազմակերպելը, գոնե առնվազն Դաշնակցությունն է սկսել: Մենք միշտ ասել ենք՝ սա մեր արժանապատվության, մեր ապագայի խնդիրն է, սա առանձին հարց չէ, ամբողջ հայ ժողովրդի հարցն է: Մենք հազարավոր զոհերի, զրկանքների գնով ենք այս հաղթանակը ապահովել, եւ բնական է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա ամրապնդվի»:

Պարոն Վարդանյանի խոսքերով՝ փոխզիջում նշանակում է՝ մի կողմը մի բան է զիջում, մյուս կողմը՝ համարժեք, եւ եթե մյուս կողմի հռետորաբանությունը,  հայատյացությունը, սպառազինվելը, որեւէ տեղ չի թողնում դրա մասին խոսելու, ապրիլյան պատերազմն էլ վկա, էլ ինչի՞ մասին է խոսքը:

«Պատերազմ  չի լինի, եթե մենք, իսկապես, պատրաստ լինենք, եթե մեր ժողովրդի մարտունակությամբ, սպառազինությամբ հակառակորդն իմանա, մանավանդ այնպիսի հակառակորդը, որն 2 անգամ պարտություն է կրել է իր մեծ թվաքանակով եւ իր մեծ սպառազինություններով,  եթե նա իմացավ, որ հակահարվածը լինելու է ավելի ուժեղ, երբեք պատերազմ չի լինի: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, պատերազմին պետք է բոլոր առումներով պատրաստ լինենք՝ ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ յուրաքանչյուր տեսակով, եւ այսօր այդ ուղղությունը  որդեգրել է Հայաստանը, փառք Աստծո, որ էլի որդեգրել են Դաշնակցության  մոտեցումները»,-ասաց պարոն Վարդանյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի դիտարկմամբ՝ Արցախն ինքնորոշվել է, ունի Սահմանադրությամբ ինքնորոշված իրավունքներ,  2 անգամ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է. «Եվ մենք պետք է առաջնորդվենք այդ ժողովրդի կամքով, մենք պետք է կարողանանք Արցախի միջազգային ճանաչումն ապահովել, որ Ադրբեջանը ընդունի: Եթե Ադրբեջանը կընդունի, որ ԼՂՀ-ն ինքնորոշված է, կարող ենք նստել խոսել այլ հարցերի մասին»:

Ի վերջո, արդյոք Դաշնակցությունը կողմնակից է տարածքներ՝  Արցախի  կարգավիճակի դիմաց բանակցություններին, մեր այդ հարցին էլ պարոն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Նման առաջարկ այսօր գոյություն չունի, իսկ խաղաղություն՝ տարածքների դիմաց, անընդունելի կարգախոս է, անիրագործելի: Ադրբեջանը որեւէ փոխզիջման պատրաստ չէ, եռանախագահողների բոլոր առաջարկները մերժում է:

Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, Դաշնակցությունը արժանապատիվ խաղաղության կուսակցություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031