ՕՐՕ դաշինքի քարոզարշավներին են մասնակցում ապրիլյան պատերազմի այն զինվորները, որոնք զորացրվել են: Արմավիրի մարզում բնակվող Մանուել Մանուկյանը, որն այսօր Կոտայքի մարզում մասնակցում էր ՕՐՕ-ի քարոզարշավին, ասաց. «Բանակից հետո ես հասկացել եմ, որ պայքարը միայն բանակում չի: Ինչքան բոլորդ զգում եք զինվորի պաշտպանությունը, լինելով զինվոր, ասեմ, որ դրանից ավելի զինվորն է ուզում ձեր ապահովությունն ու ուժը:
Եթե այստեղ չլինի ուժ, իզուր է մտածել, որ բանակից մենք ինչ-որ արդյունքներ կունենանք: Ես եղել եմ դիրքի ավագ, պատասխանատու եմ եղել իմ երկրի սահմանների համար ու նույն պատասխանատվությամբ պայքարելու եմ իմ հայրենիքի, արդարության համար, պայքարելու եմ մինչեւ վերջ»:
Նա պատմեց, որ լինելով սովորական գյուղացի տղա, զինվորների կրթության վերաբերյալ ծրագիր է ներկայացրել Սեյրան Օհանյանին, նա առանց երկմտելու աջակցել է: Սակայն նույն ծրագիրը ներկայացրել է Վիգեն Սարգսյանին, նա մերժել է. «Անհիմն պատճառաբանությամբ նա մերժեց ու նույն խորհուրդը, որ այն ժամանակ նստած էր եւ շատ հրաշալի ծրագիր էր համարում իմ ծրագիրը, հետո Վիգեն Սարգսյանի օրոք մերժեցին»:
Կարդացեք նաև
Մանուել Մանուկյանն ասաց, որ շատ մարտական եւ զինակից ընկերներ ունի, որ քառօրյա պատերազմից հետո հիասթափվել են եւ թողել, երկրից հեռացել են, որովհետեւ զինգրքույկներում նշում չեն արել, որ քառօրյայի մասնակից են. «Գնացել են ուրիշ երկրներում հիմա աշխատում են՝ իշխանության կողմից ուշադրության չարժանանալով: Դա արվել է վարձից 20 տոկոս զեղչ չանելու համար: Դրա համար բռնեցին պատմությունը հերքեցին, իսկ պատմություն հերքելը դա սրբապղծություն է: Չի կարելի այդպես վարվել այն տղաների հետ, որոնց համար աղոթում էին, ծնկի էին եկել: Անշնորք վերաբերմունք էր: Կոչ եմ անում քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին ոտքի կանգնել եւ միանալ մեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ