Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգի վերաբերյալ միջոցառումների շարք: Միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ ուրբաթ՝ մարտի 10-ին, որին մասնակցում էին Ազատ դեմոկրատներից Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ-ից Դավիթ Սարգսյանը, ՕՐՕ-ից Արմեն Մարտիրոսյանը, «Ելք»-ից Մանե Թանդիլյանը եւ «Ծառուկյան» դաշինքից Մեսրոպ Առաքելյանը:
Դավիթ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը խարսխված է անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսի վրա. «Չնայած որ առաջընթացը վերաբերվում է մեր հասարակական բոլոր ոլորտների առաջընթացին, այնուամենայնիվ, ամենակարեւոր մասերից մեկը վերաբերվում է տնտեսական զարգացմանը եւ տնտեսական ծրագրին եւ առաջարկություններին: Տնտեսական մասը, տնտեսական առաջընթացը, տնտեսության ապագա զարգացման ամենակարեւոր մարտահրավերները մենք ներկայացրել ենք նախընտրական ծրագրում:
Այն հիմնականում խարսխված է չորս հիմնական կետերի վրա, որոնցից առաջինը մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության շարունակական ապահովումն է, երկրորդը՝ ներդրումային միջավայրի համար պայմանների հետագա բարելավումը եւ ներդրումների ապահովումը, երրորդը՝ տնտեսվարող սուբյեկտների բիզնես, տնտեսական նախաձեռնությունների, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտի աջակցության, խթանների տրամադրման մասը եւ վերջինը՝ տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովումը: Այս չորս հիմնարար կետերի վրա հետագայում արդեն ներկայացված է այն տեսլականը, որը որ մեր կուսակցությունը առաջարկում է եւ տեսնում է որպես իր հիմնական անելիք առաջիկա օրերին»:
Կարդացեք նաև
Հարցին, թե որոնք են ՀՀԿ-ի իշխանության տարիներին տնտեսական ձեռքբերումները, Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում ենք տնտեսական ձեռքբերումների մասին կամ տնտեսական հաջողությունների մասին, ինչպես նաեւ տնտեսական մի շարք անհաջողությունների մասին, դրանք շատ են: Օրինակ՝ հանրապետության տարածքով մեկ վերջին հինգ տարիների ընթացքում այսօր առողջապահական ոլորտում ունենք հիվանդանոցներ ամբողջությամբ վերանորոգված, նոր տեխնոլոգիաներով: Կամ այն հաջողությունները, որոնք որ տեղի են ունեցել հեռահաղորդակցության ոլորտում: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է՝ հեռահաղորդակցության ոլորտում վերջին 5 կամ 8 կամ 10 տարիների ընթացքում թռիչքային աճ կա, ինչը նույնպես հաջողություն է: Հաջողությունների շրջանում կարող ենք նաեւ արձանագրել մի շարք այլ ցուցանիշներ, բայց միեւնույն ժամանակ խոսելով դրանց մասին մենք կարող ենք արձանագրել, որ դրանք բավարար չեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ