««Ելք» դաշինքի ներկայացրած ծրագիրը ներկայացնում է ոչ թե ինչ, այլ ինչպես»,- մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպած միջոցառման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը:
Նա նշեց, որ կան քայլեր, որոնց իրականացումից հետո «Ելքը» կհամարի, որ հնարավոր կլինի ձեռնամուխ լինել տնտեսության վերականգնմանը. «Մենք համարում ենք, որ մեր պետության մեջ միջին խավը, եթե չասեմ չկա, ապա շատ չնչին է: Մենք բոլորս հասկանում ենք, որ զարգացման հիմքը միջին խավն է եւ նրա մեծացումն ու ընդլայնումը, թե՛ քանակական, թե՛ որակական իմաստով: Մեզ մոտ այսօր բեւեռացում է՝ կան ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ, տարօրինակ եւ անհասկանալի կերպով հարստացած մարդիկ, որոնք որ աղքատ երկրում չէին կարող առաջանալ: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել միջին խավի գոյությունը եւ սկսել ստեղծել այն»:
Մանե Թանդիլյանը ասաց, որ իրենք նախատեսում են մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսներին հարկել շրջանառության հարկով. «Շատ բարդ է մեր հարկային վարչարարությունը եւ շատ հաճախ այն ուղղակի մահակ է տնտեսվարողների գլխին եւ ուղղակի որպես պատժամիջոց է: Անհրաժեշտ է հասկանալ, որ փոքր եւ միջին ձեռնարկություններին ուղղակի ընդլայնվելու հնարավորություն պետք է տալ, անգամ եթե թերացումներ կան նույն հարկատեսակների վճարման մասով: Այսինքն՝ մենք առաջարկում ենք ավելի պարզ հարկման տեսակ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որպեսզի այս խավը զարգանա, ընդլայնվի: Ինչպես նաեւ այդ նույն դրույթից ելնելով մենք փոքր եւ միջին ձեռնարկությունների օմբուդսմանի ինստիտուտ ենք ուզում ներառել, որովհետեւ նրանք իսկապես անպաշտպան են այսօրվա Հայաստանի պայմաններում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ