Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի տնակում ապրող երեխաները ոչ թե «փլեյ սթեյշնի», այլ` չոր անկողնում քնելու մասին են մտածում. (Տեսանյութ)

Մարտ 10,2017 19:20

«Գյումրիի տնակում ապրող երեխան ոչ թե «փլեյ սթեյշնի» մասին է երազում, այլ` չոր ու տաք անկողնում քնելու»,-տնակում ապրող գյումրեցիների կյանքն այսպես նկարագրեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայացուցիչները ՀԱԿ կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին:

Նրանք հերթով անցան կուսակցությունների գրասենյակներով` պարզելու, թե այս կամ այն կուսակցությունը, դաշինքն ընտրվելուց հետո ի՞նչ կոնկրետ լուծումներ է առաջարկելու մի քանի տասնյակ տարի տնակներում ապրող մարդկանց բնակարանով ապահովելու համար:

Ըստ հիմնադրամի անդամների, կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում աղետի գոտու խնդիրներին հպանցիկ են անդրադարձել եւ որեւէ կոնկրետ քայլեր չեն նշել:

Նրանք իրենց հետ տնակի մակետ էին բերել եւ տարիներ ի վեր տնակում ապրող նպաստառու ընտանիքի` Վարդանյանների պատմությունը, որը հանձնեցին ՀԱԿ գրասենյակին: Վարդանյաններն ապրում են «Բարեկամության այգի» կոչվող տարածքում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը ՀԱԿ-ին խնդրեց ներկայացնել անօթեւանության խնդիրը լուծելու իրենց մեխանիզմները:

«Որոշ նախընտրական ծրագրեր ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ հիմնականում դեկլարատիվ բնույթի են, մեզ համար ավելի կարեւոր է, որ լուծման ուղիներ տեսնենք, թե ինչպես են պատկերացնում, հետագայում լինելով Ազգային ժողովում կամ ձեւավորելով կառավարություն»:

Ղարիբ Հարությունյանի այն մտքին, թե կուսակցությունը բազմանդամ է եւ նվիրատվությունների հաշվին կարող է որեւէ կերպ աջակցել Վարդանյանների ընտանիքին, Սամվել Աբրահամյանն ասաց, որ այս ակցիան նախընտրական շրջանում անելը ճիշտ չէ, քանի որ ընտրությունների փուլում նվիրատվության մասին խոսելը Ընտրական օրենսգրքի խախտում է եւ որ օրենքը հստակ սահմանափակում է դնում ընտրարշավին մասնակցողների առաջ` ցանկացած տիպի խոստումներ, նվիրատվություններ անելու հարցում:

Հիմնադրամի անդամ Կարեն Պետրոսյանն ասաց, որ իրենք ակնկալում են, որ կուսակցությունն իր մոտեցումները ներկայացնի, որպեսզի հաղթելու պարագայում նրանից հետագայում կարողանան պահանջել ծրագրերում ամրագրածը: Իսկ նվիրատվությունը ոչ թե կուսակցությունից են ակնկալում, այլ անդամներից, որոնք անձնապես կարող են ներդրում ունենալ եւ «մի անօթեւան ընտանիք տաք պայմաններում քնի»:

Ի պատասխան, Սամվել Աբրահամյանն ասաց, որ հարցի լուծման մեխանիզմը նվիրատվություններով անօթեւանների խնդիրը լուծելը չէ. «պատճառն այն չէ, որ պետությունը վատ վիճակում է, պետությունը վատ վիճակում է, որովհետեւ կոռուպցիան ուտում է այս պետությանը: Եթե կոռուպցիոն խնդիրները չլինեին այս բնակարանային հարցերը բոլորը լուծված էին, նույնիսկ ձեր ֆոնդի գոյության կարիքը չէր լինի»:
Պարոն Աբրահամյանը առաջարկեց տարածքային թեկնածուի հետ հարցը քննարկել, քանի որ տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուները տարածքային խնդիրների մասին շատ ավելի լավ պատկերացում ունեն:

Կարեն Պետրոսյանն ասաց, որ խնդիրն այնքան էլ տարածքային չէ, որքան որ` ազգային. «Մյուս տարի երկրաշարժի 30-ամյա տարելիցն է եւ Գյումրի քաղաքում պաշտոնական տվյալներով 3400 տնակ կա: Սա մեր ազգային ամոթն է, որ մի քաղաքում եղել է աղետ եւ այդ աղետի հետեւանքները 30 տարի չի վերացվել»:

Մանրամասները` տեսանյութում

Սամվել Աբրահամյանն ասաց, որ վերջին ընտրությունների ժամանակ այս հարցի լուծումը ՀԱԿ-ը ներկայացրել է:

Մանրամասները` տեսանյութում

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին, որ ազատված տնակները քանդվելու են, որպեսզի կրկին չբնակեցվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031