Այսօր ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Աբովյանում լրագրողների հետ զրույցում հարցին՝ իշխանությունները հորդորե՞լ են ձեզ նահանջել կամ կասեցնել իր շարժումը` պատասխանեց. «Ե՞ս նահանջեմ, ով ուզում է նահանջի, ես ժողովրդի յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով՝ ասացի, որ իմ պայքարը արդար է, եւ պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։
Լրագրողները հարց ուղղեցին, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ընդդիմադիր գործունեությունը գնահատելիս ասել էր՝ ափսոս էր գեներալը, ինչպե՞ս կարձագանքեք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է եւ այլն։ Ես կհորդորեի հետեւյալը՝ մարդիկ, ովքեր զինվորականներ են կամ պետական գործիչներ, զբաղվեն իրենց գործով, ես իմ գործով եմ զբաղվում, ոչ մեկին չեմ հորդորում զբաղվել կամ չզբաղվել։ Ի՞նչ է նշանակում ափսոս էր: Ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ