Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին կարող են տուգանել

Մարտ 10,2017 18:55

Չնայած ԿԸՀ-ի զգուշացումներին՝ «Ծառուկյան դաշինքի» ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը շարունակում է խոստումնառատ իր քարոզարշավը: Երեկ Արմավիրում, օրինակ, Գագիկ Ծառուկյանը ընտրողներից Միշային գյուղտեխնիկա նվեր խոստացավ:

Նա ասաց. «Միշա, ընտրությունից հետո, ապրիլի 3-ին կգաս, մի հատ գյուղտեխնիկա իմ կողմից կստանաս նվեր: Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»: Մինչ այդ էլ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում դրամական օգնություն է տվել մի քաղաքացու, նաեւ վիրահատության կամ այլ հարցերում օգնություն հայցողներին խոստումներ տվել: Խոստացել է գազաֆիկացնել շենքերից մեկը, 150 դրամով խաղող ընդունել և այլն:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը խախտում է օրենքը: ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը, թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, դաշինքի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, թե  Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին կոնկրետ որևէ բան չի տրամադրել և նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու ապրիլի 2-ի ընտրություններից հետո:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ցուցաբերված մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձևակերպման հետ. «Եթե մարդիկ մոտենում և ասում են, որ կա առողջական խնդիր, բնականաբար, պարոն Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնում աջակցելու»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, եթե մարդ ասում է՝ ես քեզ ընտրություններից հետո տրակտոր կնվիրեմ, ու եթե ինչ -որ մեկի համար դա խոստում չէ, ուրեմն նա խոստում բառի ընկալումների հետ կապված խնդիր ունի: Պարոն Իոաննիսյանի գնահատմամբ՝ անգամ ԿԸՀ-ի հայտարարությունից հետո, ինչպես ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը խախտվում էր, այնպես էլ շարունակվում է խախտվել թե՛ ԲՀԿ-ի և, ինչպես պարոն Իոաննիսյանը փոխանցեց, արդեն տվյալներ ունեն, որ նաև ՀՀԿ-ի կողմից:

Նա տեղեկացրեց. «Օրինակ` Վանաձորում ՀՀԿ-ն բաժանում է վարսավիրանոցից անվճար օգտվելու կտրոններ: Ասացին նաև, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ-որ ընտրողների խոստացել է հոգալ բուժման հարցերը: Սա նորմալ քարոզարշավ չէ: Պետք է թեկնածուները գնային ու ասեին՝ ինչ են անելու, ընտրողների կարծիքի վրա պետք է ազդի այն, թե ինչ են անելու, երբ ընտրվեն, ոչ թե սկսեն խոստանալ մեկին այս փողը, մյուսին` այն փողը, մեկին տրակտոր, մյուսին`բուժման փող»:

Հետաքրքրվեցինք` ՀՀ ընտրական օրենսգիրքը տալի՞ս է իրավական հիմնավորումներ, որպեսզի այս գործողությունների պատճառով ԿԸՀ-ն զրկի այս կամ այն կուսակցությանը ընտրությունների մասնակցությունից: Նա նշեց, որ ԿԸՀ-ն ունի նման իրավասություն. «Այստեղ գնահատողական հարց է: Եթե խախտումը կրի շարունակական և ծանրակշիռ բնույթ, կուսակցության գրանցումը պետք է  հանել: Ընտրական օրենսգիրքն ասում է, որ երբ այդ գումարը տրվում է պարտադիր քվեի դիմաց, այդ դեպքում է քրեական պատասխանատվության ենթարկվում: Բայց տեսանյութերում երևում է, որ այս դեպքում քվեն պարտադիր չէ, հակառակ դեպքում դա կտեղավորվեր ընտրակաշառքի սահմանման տակ, և մենք արդեն ՀՔԾ դիմած կլինեինք: Բայց այստեղ կա հստակ խախտում ԸՕ-ի 19-րդ հոդվածի 6-րդ կետի»:

«Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեցինք` այն, որ Գագիկ Ծառուկյանը շեշտում է, թե ընտրություններից հետո կգաք, նվեր կստանաք, դա արդյոք նրան ազատո՞ւմ է պատասխանատվությունից: Տիկին Տիգրանյանը պատասխանեց. «Դա նշանակում է ինքը խոստում է տալիս: Երկու բան կարող է որակվել. կա վարչական պատասխանատվություն` տուգանքի տեսքով, եթե դա անում է բարեգործության անվան ներքո: Գագիկ Ծառուկյանին բոլորը ճանաչում են` որպես բարեգործ, ու այդ անվան ներքո ընտրողներին նա տալիս է անվճար սնունդ, տրակտոր և այլն: Այստեղ նա բարեգործության շեմն անցնում է: Նա դրա իրավունքը չունի քարոզարշավի ընթացքում: Այս դեպքում վարչական տուգանք է նախատեսված`1-2,5 միլիոն դրամ»:

Հերիքնազ Տիգրանյանը նշեց, թե Ծառուկյանի գործողությունները կարող են պատժելի լինել նաև ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն. «Եթե որևէ միջնորդի միջոցով գույքային առավելություն կամ գույքի նկատմամբ  իրավունք կամ առավելություն է տրամադրվում, ապա այդ դեպքում դառնում է քրեորեն պատժելի արարք, որը սահմանում է ազատազրկում 3-5 տարի: Դա ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ պրիմ 2 հոդվածով է սահմանված»: Տիկին Տիգրանյանը նշեց` էական է նաև այն, թե երբ է իր խոստումներն ու բարեգործությունն անում անձը. «Գագիկ Ծառուկյանին սովոր են բարեգործի և փող բաժանողի կարգավիճակում տեսնել, բայց նա պետք է հասկանա, որ եթե մտել է քարոզչության մեջ, պետք է կանոնները պահպանի»:

Մեր հարցին` ԿԸՀ-ն կարո՞ղ է վարույթ հարուցել ու տուգանել կամ ընտրությունների մասնակցությունից զրկել Գագիկ Ծառուկյանին, իրավախորհրդատուն պատասխանեց. «Ինչո՞ւ միայն ԿԸՀ-ն: Եվս ութ պայքարող կուսակցություն կա: Ցանկացածը կարող է ԿԸՀ դիմել, ասել վարչական վարույթ հարուցեք, ցանկացած մեկը կարող է ՀՔԾ-ին դիմել ու ասել, որ խախտվում են քարոզչության պայմանները: Զարմանում եմ կուսակցությունների լուռ հանդուրժողականության վրա»:

Մեր այն հստակեցմանը` այս պահին հիմքեր կա՞ն տուգանելու Ծառուկյանին, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Այո, եթե նրա գործողությունները համարում ենք որպես բարեգործության անվան տակ խոստումներ տալ, ապա ենթակա է վարչական պատասխանատվության և տուգանքի: Բարեգործությունը նույն մարդկային բարեգթություն է ու պատրաստակամությունը: Մարդ պետք է հասկանա, որ այդ բարեգործությունը ոչ ճիշտ ժամանակին է բռնել: Դա անում են տարվա 12 ամիսներին, բայց ոչ քարոզարշավի ժամանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031