Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Ի. Վոլինկինի ղեկավարած պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ողջունեց հյուրերին՝ մատնանշելով, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցել է՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում:
Ա. Աշոտյանը ներկայացրեց հյուրերին ՀՀԿ քարոզարշավի առանձնահատկությունները, նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները: Շեշտվեց այն հանգամանքը, որ Հանրապետականը գնում է ընտրությունների՝ ունենալով իրատեսական ծրագիր և կուռ թիմ՝ քաղաքական գործունեության բոլոր մակարդակներում: Հանրապետական կուսակցության ներդրումը երկրի անվտանգության գործում, վարչապետ Կարեն Կարապետյանի հանրային բարձր վարկանիշը և մրցունակ ռեյտինգային կազմը դիտվում են որպես ՀՀԿ մրցակցային առավելություններ ընտրարշավի ընթացքում, ինչը թույլ է տալիս կուսակցությանն ընտրությունների արդյունքներով ակնկալել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն:
Կարդացեք նաև
Իր հերթին դեսպան Ի. Վոլինկինը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ: Դեսպան Ի. Վոլինկինը մատնանշեց, որ ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատեց որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն:
Առանձին անդրադարձ կատարվեց նաև Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին:
Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ