Այսօր Լոռու մարզում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս Վանաձորում ընդունեցին աղ ու հացով, անգամ օրհնված խաչ նվիրեցին:
Լոռեցիների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասաց, որ իր նպատակը միայն ժողովրդի համար բարվոք պայմաններ ստեղծելն է. «Ես չեմ եկել քարոզչություն անելու, ինչ-որ մի բանի, անձնականի հասնելու համար, բոլորդ էլ լավ գիտեք, որ Աստծո կամոք ամեն ինչի էլ հասել եմ:
Այսօր հիմնական իմ խնդիրն ու նպատակը, ես հայտարարում եմ, որ իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ տալու: Իմ պարտքը, ժողովուրդ, ձեզ համար պայման ստեղծելն ու հնարավորություն տալն է, վստահության ու հավատի վերականգնումն է: Այսօր ժողովուրդը ուրիշ բան չի պահանջում: Ուզում է ուշադրություն, պայման, հնարավորություն, աշխատանք: Եւ ամեն մեկը պարտավոր է դա գիտակցել ու հասկանալ: Որոշում կայացնելուց առաջ, մարդը պետք է իրեն դնի սովորական մարդու տեղ»:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանի խոսքով, Հայաստանում աղքատության մակարդակն օրեցօր ավելի է բարձրանում, գործազրկության թիվը մեծանում: Նրա կարծիքով լուծման միակ տարբերակը գործող համակարգի փոփոխությունն է. «Ոչ ոք չի կարող ասել, որ 2009 թվականից հետո մի լավ բան է եղել: Այլ հակառակը, նույն գումարը ստանում ես, չի բավարարում, ոչ՛ երեխա պահելու, ո՛չ գոյատեւելու, ո՛չ էլ ապրելու համար: Համակարգ պետք է փոխվի, օրենք, մոտեցում պետք է փոխվի, որ ոնց որ մարդն իր սեփական գումարներն է մտածված ու նպատակային ծախսում, այնպես էլ բյուջեինը, որ շահութաբեր լինի, ոչ թե բյուջեի գումարներն աննպատակ ծախսեն, եւ ոչ մի արդյունք»:
Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ եթե քվեների 50+1 տոկոսը հավաքեն, ապա առաջին իսկ ամսում իրականություն կդարձնեն դաշինքի ծրագրային 15 կետերն էլ. «Դրանից հետո, ըստ մարզերի, տարածքների, քաղաքների պետք է բյուջեն ճիշտ բաշխվի համապատասխան, ոչ թե գումարները բերեն այլ նպատակով»:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը կոչ արեց. «Ժողովուրդ ջան, դուք տեր կանգնեք ձեր ձայներին, ես ամեն տեղ չեմ կարողանալու»։
Մանրամասները՝ տեսանյությում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ