Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օհանյանի ջանքերով չէ՞ր, որ թռփոշացած գեներալները պաշտոնանկ արվեցին». ՕՐՕ-ի քարոզարշավը՝ Աբովյանում

Մարտ 10,2017 17:58

Այսօր ՕՐՕ դաշինքի անդամները քարոզարշավ իրականացրեցին Կոտայքի մարզում: Աբովյանում ռեյտինգային համակարգով ՕՐՕ դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Հրայր Ասլանյանն ասաց, որ ցավալի է, որ այսօր օրեցօր աճում է դոլարի կուրսը, ապրանքների գները, բայց ինդեքսավորում երբեւէ չի եղել աշխատավարձի, թոշակների:

Աբովյանում Սեյրան Օհանյանին ներկաները բուռն ծափողջույններով ընդունեցին: Ուշագրավ է, որ ՕՐՕ դաշինքի քարոզարշավին են միացել քառօրյա պատերազմի մասնակիցներ, որոնք արդեն զորացրվել են եւ կանգնել են Սեյրան Օհանյանի կողքին: Քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանն Աբովյանում ասաց. «Ապրիլյան պատերազմը ոչ միայն մեր ուժի, ներդրումների արդյունքն է, ես ուզում եմ ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա համախմբվեն եւ բոլորն անդամագրվեն Օհանյան-Րաֆֆի –Օսկանյան դաշինքին»:

Բանաստեղծ, ռեժիսոր Սարգիս Միքայելյանն ասաց, որ մտավորականները դեմ են ՀՀԿ-ին սատարել, բայց չգիտեին ուր գնալ. «Իմ մարտական ընկերներից մեկը շատ ճիշտ բան ասաց, երբ ասացի Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան, ասաց՝ այդ երեքից ոչ մեկի կողքը կանգնելուց ես չեմ ամաչի»: Նա աբովյանցիներին հորդորեց քվեարկել 8 համարի քվեաթերթիկի օգտին:

ՕՐՕ դաշինքի անդամ Անդրանիկ Գրիգորյանը աբովյանցիներին նախ շնորհակալություն հայտնեց, որ 2013-ին 63 տոկոս «խփեցին». Նա ասաց, որ հաճախ են մարդիկ հարցնում, թե ի՞նչ է արել Սեյրան Օհանյանը, Օսկանյանը, Րաֆֆին. «Սեյրան Օհանյանը ի՞նչ արեց, զինակոչիկների վիճակահանությունն ո՞ւմ օրոք տեղի ունեցավ, պարոն Օհանյանի ջանքերով չէ՞ր որ թռփոշացած գեներալները պաշտոնանկ արվեցին: Պարոն Օսկանյանի արտգործնախարար եղած ժամանակ ՀՀ-ն վարում էր խիստ կոմպլեմենտար քաղաքականություն, նրա արտգործնախարար եղած ժամանակ մեկ գիշերում ՀՀ-ն չի մտել ԵՏՄ: Րաֆֆին միայնակ իր ընտանիքի հետ դուրս եկավ պետական ապարատի դեմ: Րաֆֆին էն մարդկանցից չէր, որ զադտնի դներ, բայց նա դա արեց, որ մարդկանց քթից արյուն չլինի. «Հիմա հասկացեք, երեք տիտաններ միավորվել են: Երեքն էլ մտածում են՝ հերիք է, այսպես չի կարելի: Պարոն Օսկանյանը բավական միջոցներ ունի, կարող է բելգիաներում, եվրոպաներում ցոփ ու շվայտ կյանք վարել, բայց մի օր չբացակայեց ՀՀ-ից: Նույնը՝ Րաֆֆին»:

Վարդան Օսկանյանն իր ելույթում վստահեցրեց, որ այս մենիշխանության դեմ ընտրությունը ակնհայտ է: Նա կոչ արեց հստակ չափանիշներով առաջնորդվել, նայել, թե առաջնորդները ովքեր են, եթե երբեւէ եղել են իշխանության մեջ, ինչպես են աշխատել, ինչքանով են ազնիվ՝ իրենց մղումների մեջ. «Մենք աշխատել ենք անկեղծ եւ ազնիվ: Մենք կարող ենք ասել, որ հրաժարական ենք տվել, որովհետեւ մեզ առաջարկվեց նույն պաշտոնին լինել, ես մերժել եմ դա: Մեզ համար պաշտոնն ու փողը արժեք չեն եղել: Եթե արժեք լինեին, մենք այսօր այլ տեղում կլինեինք: Երկրորդ չափանիշը փորձառությունն է, դա այսօր հաց ու ջրի նման մեզ պետք է: Երկրի ղեկը պետք է վստահել այն մարդկանց, որոնք փորձ ունեն կառավարման համակարգում: Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է արտգործնախարար, երբ ՀՀ-ն պետք է միջազգային քարտեզի վրա իր տեղն ունենար եւ նա դա արել է: Կոմպլեմենտար քաղաքականություն տերմինը առաջին անգամ ասվել է մեր կողմից, դա եղել է նորարարություն եւ տասը տարի հաջողությամբ ՀՀ շահերին է ծառայել, մենք խաղաղություն ենք ունեցել»:

2005, 2006, 2007-ին արտագաղթը կանգնել է, այդ ժամանակ ավելի շատ մարդ է եկել ՀՀ, քան լքել: Սեյրան Օհանյանը բազմաթիվ բարեփոխումներ է արել բանակում: Երրորդ չափանիշը, ըստ Օսկանյանի, տեսլականն է ապագայի նկատմամբ՝ ծրագիրը, թե ինչ են առաջարկում այսօր ժողովրդին: Նա անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ ասաց, որ այս իշխանությունները հետընթաց են ապրում եւ միայն խոսում են տարածքների վերադարձից, ինչը պարտվողական քաղաքականություն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031