Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այլընտրանքային գործընկերների բացակայության պատճառով պահպանում է դաշնակցային կապերը ՌԴ-ի հետ. Stratfor

Մարտ 10,2017 17:42

Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, արցախյան հակամարտությունում Ռուսաստանի դերին:

Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ Մոսկվայի վերահսկողությունը կովկասյան երկրների նկատմամբ ավարտվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց անկախությունը նրանց չօգնեց անխոցելի դառնալ Ռուսաստանի ազդեցության հանդեպ: Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող և վերջինիս հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Հայաստանը հիասթափություն ապրեց, երբ 2016թ. ապրիլին արցախյան հակամարտության էսկալացիայի ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում գրավեց: Բայց իրականում Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը՝ որպես միջնորդ՝ ասվում է զեկույցում:

Ռուսաստանն արցախյան հակամարտությունն օգտագործում է Ադրբեջանում և Հայաստանում իր ռազմավարական շահերը խորացնելու համար: Ադրբեջանը, օրինակ, ցանկանում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյին, ուստի սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ՝ բանակցությունները վերսկսելու համար, որոնց արդյունքում Հայաստանը կարող է Արցախը շրջապատող 7 շրջանները վերադարձնել Բաքվին: Ակնհայտ է, որ Մոսկվան Ադրբեջանում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով կարող է խաղալ Բաքվի այդ ցանկության հետ:

Բայց անգամ եթե Մոսկվային հաջողվի հայկական քաղաքական վերնախավին համոզել որոշակի զիջումների գնալ տարածքային հարցերում, հայ հասարակությունը նման գործարք չի հանդուրժի: Զեկույցում նշվում է, որ ցանկացած զիջում վտանգում է ՀՀ իշխանություններին, մասնավորապես այս բարդ ժամանակաշրջանում, երբ երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևի: Բացի այդ կվտանգվի նաև Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում: Ռուսաստանի համար կարող է արդյունավետ լինել նաև հակամարտության հերթական սրումը, բայց վտանգ կա, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, հակամարտությունը կարող է այլևս վերահսկելի չդառնալ:

Անգամ այդ դեպքում այլընտրանքային գործընկերների բացակայությունը Հայաստանին այլ ընտրություն չի թողել, քան Ռուսաստանի հետ իր դաշնակցային կապերը պահպանելը: Տարածաշրջանային այլ ուժեր, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, կարող են ավելի ակտիվանալ Կովկասում՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանի գերակայությանը, բայց նրանք ավելի շատ զբաղված են Միջին Արևելքով: Մինչ հակամարտությունը շարունակվում է, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող որևէ վճռական քայլ կատարել հակամարտությունում առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման՝ եզրափակում է զեկույցը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031