ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մոտ մեկ տարի է բարձրաձայնում է Դիտորդների խմբի աշխատանքի սահմանափակումների, խոչընդոտումների վերաբերյալ։ Դիտորդների Խումբը ստանում է բազմաթիվ ահազանգեր ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանցից և նրանց հարազատներից՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, սակայն, այցելություններ կատարելիս Խմբի աշխատանքները խոչընդոտվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ աշխատակիցների կողմից։ 2016 թվականի ընթացքում կատարված 94 այցելությունների 8.9%-ի ընթացքում Խմբի աշխատանքները խոչընդոտվել, սահմանափակվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից։ Սահմանափակումները եղել են մասնավորապես քաղաքական հնչեղություն ստացած գործերով կալանավորված անձանց պահման պայմանները դիտարկելիս, քննիչի կողմից սահմանված կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ որոշման հիմնավորմամբ:
Մասնավորապես՝ 2016թ. մարտի 2-ին, ահազանգ ստանալով, դիտորդներն այց են կատարել «Երևան-Կենտրոն»ՔԿՀ։ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմը արգելել է տեսակցել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը։ Դիտորդների Խումբը գրությամբ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարին` Խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստի մասին։
2016 թվականի հուլիսի 18-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում դիտորդների Խմբին արգելել են հանդիպել կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում՝ Սեֆիլյանի կապը արտաքին աշխարհի հետ սահմանափակելու, և իրենք լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել հանդիպել վերջինիս։
2016 թվականի հուլիսի 23-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտվել են դիտորդների խմբի աշխատանքները: Այցելության ընթացքում ՔԿՀ-ի վարչակազմը դիտորդներին չի տրամադրել տեղեկատվություն այցելության պահին ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց քանակի վերաբերյալ, արգելել են մտնել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և դիտարկումներ անցկացնել խցերում, թույլ չեն տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում առանց աշխատակիցների ներկայության դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ:
2016 թվականի դեկտեմբերի 16-ին Դիտորդների խումբը Հովհաննես Հարությունյանի փաստաբանի դիմումի հիման վրա այցելություն է կատարել Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Փաստաբանը իր մտահոգությունն էր հայտնում իր վստահորդի պահման պայմանների, ինչպես նաևё տեղեկացնում էր իր պաշտպանյալի հանդեպ վատ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ իր կասկածների մասին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կրկին սահմանափակվել է դիտորդների աշխատանքը։
Նույն պատճառաբանությամբ չեն թույլատրել հանդիպել կալանավորված անձ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին։ Արդյունքում դիտորդները չեն կարողացել պարզել, թե արդյո՞ք կալանավորված անձը ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, թե ո՞չ։
2017 թվականի փետրվարի 14-ին Խմբի անդամները այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկություն հայտնել հանդիպելու Արթուր Սարգսյանին։ Սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անձնակազմը տեղեկացրել է դիտորդներին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության: Հատկանշական է այն փաստը, որ 2017 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանն այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և նրանց թույլատրել են տեսակցել Արթուր Սարգսյանին։ Ստեղծված իրավիճակում փաստացի` քննիչի որոշումը տարածվում է միայն ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների վրա, ինչը ոչ մի իրավական հիմք ունենալ չի կարող։
2017 թվականի փետրվարի 22-ին Դիտորդների խմբի անդամներն ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Խմբի անդամները այցելության ընթացքում ցանկություն են հայտնել հանդիպել Վահան Շիրխանյանին, սակայն, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի անձնակազմը սահմանափակել է դիտորդների գործունեությունը:
2017 թվականի մարտի 6-ին այցելություն է կատարվել «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Անդամների ցանկությանը՝ հանդիպել և առանձնազրույց ունենալ Վ․Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապը արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտորդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը՝ այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ.Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»:
Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ ՔԿՀ աշխատակիցները մտնելով վերջինիս խուց հայտնել են, որ «հյուրեր են եկել, պետք է խուցն ազատեք, որ նրանք խուցը տեսնեն»՝ առանց բացատրելու, թե ի՞նչ հյուրեր են, ինչո՞ւ պետք է խուցը նայեն և այլն: Ինչին ի պատասխան Վ. Շիրխանյանը հրաժարվել է խցից դուրս գալ։ ՔԿՀ աշխատակիցների նման մոտեցումը ողջամիտ կասկածներ է հարուցում այն մասին, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է և ՔԿՀ-ն չի ցանկացել, որ դիտորդները հասանելիություն ունենան այդ խուց:
Խմբի ստեղծման օրվանից ի վեր, նման համատեքստում Խմբի աշխատանքները երբևէ չեն խոչընդոտվել:Արատավոր պրակտիկան սկիզբ է առել 2016 թվականի մարտ ամսից և շարունակվում է մինչ օրս։
Դիտորդական Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և գտնում է, որ Խմբի աշխատանքների սահմանափակումը՝ Խմբի կողմից կարող է դիտարկվել որպես կալանավորված անձի հավանական խոշտանգման ենթարկելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ, քանի որ Խմբի լիազորությունների սահմանափակումը անօրինական է և կրում է անհատական բնույթ։
Հիշեցնենք, որ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց:
Անդրադառնալով միջազգային պրակտիկային՝ նշենք, որ Եվրոպական բանտային կանոնների համաձայն` կալանքի տակ գտնվողների համար արտաքին աշխարհի հետ շփման սահմանափակումները պետք է նվազագույն լինեն:
Մամլո հաղորդագրություն