«5 տարի առաջ ես քարոզարշավ էի իրականացնում յուրաքանչյուր բակում, թաղամասում: 5 տարի անցել է եւ բավականին բաներ են փոխվել քաղաքում: Այն ժամանակվա համարձակությունը եւ մտավախությունները, որ չկային, այսօր կան: Մարդիկ համարձակության խնդիր ունեն, մտավախություններ ունեն: Իզուր չէր, որ մենք «Մի՛ վախեցիր» երթ իրականացրեցինք Վանաձորում: Եվ մեր հանդիպումների կազմակերպումը թաղամասերում մենք գտնում ենք անիրատեսական: Որովհետեւ այդ հանդիպումներին դուրս են գալու մարդիկ, ովքեր բոլոր պարագաներում մեր ընտրողներն են եւ չեն վախենում, եւ դուրս չեն գալու նրանք, ովքեր որ ուզում են ինչ-որ բան իմանալ, որ կողմնորոշվեն, թե ում են ընտրելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք թաղամասերում հանդիպումներ չեն ունենալու:
Նրա վստահեցնում է, որ Վանաձորում տիրում է վախի մթնոլորտ: Մարդկանց նկատմամբ ճնշումներ են գործադրում, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատել. «Կա վախի մթնոլորտ, կան ճնշումներ հիմնարկներում, կան համատարած փողի բաժանման, գրանցումներ անելու մասին տեղեկություններ: Գիտեք ինչ է տեղի ունենում: Մեզ զանգահարում են մարդիկ, ասում են, եթե չգրանցվեմ փող ստանալու համար՝ դուրս կգա, որ ես ընդդիմադիր եմ: Եթե դուրս գա, որ ես ընդդիմադիր եմ, ուրեմն կարող է ինձ ճնշեն: Եվ այս մթնոլորտում ենք մենք այսօր քարոզարշավ իրականացնում»:
Է. Մարուքյանի խոսքով, որպեսզի իրենք «բնակչությանը հարվածի տակ չդնեն», իրենց նախընտրական ծրագրերի մասին տեղեկացնելու այլ տարբերակ են գտել. «Հազարավոր ընտրողներ ունենք Վանաձորում ու Լոռու մարզում, մենք չենք խնդրելու, որ դուրս գան մեր հետ հանդիպումների ժամանակ: Այլ, այսօրվանից սկսած Վանաձոր քաղաքի եւ Լոռու մարզի բոլոր բնակարաններ կհասցվի այս հաշվետվությունը: Ես որեւէ նախընտրական բուկլետ չեմ հրապարակել, բացի այն ինչ ես կատարել եմ 5 տարում: Այստեղ իմ ուղերձն է ընտրողներին եւ հաշվետվություն, թե ինչով եմ ես զբաղվել անցած 5 տարիներին: Վերջում կա տեղեկություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ «Ելք» դաշինքի մասին: Եվ վերջին էջում իմ պատգամավորական 5 տարվա աշխատանքն է՝ շատ հակիրճ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը նշեց, որ իրենք ստանում են ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ ահազանգեր. «Անընդհատ ահազանգեր եք ստանում գրասենյակ, որ ցուցակագրում են, որ փող բաժանեն: Էս պահին մենակ Հանրապետականի մասին է խոսքը: Բայց մենք փաստ չունենք, որպեսզի դա իրավական ընթացակարգով վերջացնենք: Որովհետեւ, երբ որ մենք ասում ենք կգաք դրա մասին հայտարարեք, մարդիկ ասում են «մենք գործ չունենք»: Ինչու, որովհետեւ չեն վստահում իրավապահ մարմիններին»:
Կարդացեք նաև
Է. Մարուքյանը նաեւ ասաց, որ «ԵԼՔ»-ը չի պատրաստվում որեւէ պարագայում Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել. «ԵԼՔ» դաշինքը այսօր եղած միակ ընդդիմադիր բեւեռն է, որ մարտահրավեր է նետում իշխանությանը: Մենակ «ԵԼՔ» դաշինքի իմ պաստառներն են, որ քաղաքում պատռվել են, որեւէ այլ պաստառ չի պատռվում, ինչո՞ւ: Ուժեր կան, որ մասնակցում են ընտրություններին, որ ձայն տանեն որպես «ընդդիմություն», հետո գնան միանան Հանրապետական կուսակցությանը: «ԵԼՔ» դաշինքն ի սկզբանե հայտարարել է, որ մենք բացառում ենք Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի ձեւավորումը: Դե թող մյուս ուժերն էլ հայտարարեն, բա ինչի՞ չեն հայտարարում»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ