«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումները շարունակեց Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում: Բնակիչները եկել էին «մի պարկ» դժգոհություններով՝ պետության կողմից անտեսված գյուղատնտեսական խնդիրներից մինչեւ քաղաքական ցավոտ հարցադրումներ:
Տղամարդիկ դժգոհեցին՝ թեեւ ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի թեկնածու Լեւոն Զուրաբյանն ամիսներ առաջ ցրտահարության եւ կարկտահարության հետեւանքով կրած վնասների մասին բարձրաձայնել է Կառավարությունում, սակայն պետությունը պատասխանատվությունը գցել է ուսերից՝ ասելով, թե դա գյուղացի-բանկ հարաբերությունների խնդիր է: Պատգամավորը շեշտեց, որ իրենց նախընտրական ծրագրով առաջարկում են վարկային համաներում կիրառել:
Բնակիչներից Սերյոժա Խաչատրյանը դժգոհեց, որ Սումգայիթից Վրաստանով ՀՀ եկող պարարտանյութերն ու թունաքիմիկատներն անորակ են. ՙԼրիվ աղ է…՚: «Աղն անորակ է լինելու, քանի դեռ ղեկավարների ուղեղն է անորակ»,-արձագանքեց Լեւոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ իրենց թիվ մեկ թշնամին ընտրակաշառքն է: Բնակիչներն էլ վստահեցրեցին, որ իրենց գյուղում ընտրակաշառքի մասին խոսակցություններ չկան՝ «թույլ չեն տալիս՝ թասիբի հարց է»:
Վոլոդյա Սարգսյանն էլ իր հերթին բարձրաձայնեց, որ իրենց գյուղից մի քանի հերոսներ զոհվել են Արցախյան ազատամարտի ժամանակ, իսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ՝ երկուսը: Սարգսյանի ասելով՝ ՙզինված խմբի՚ գործով մեղադրյալներից չորսն էլ պատերազմում կռված տղաներ են. ՙԻրենց վերջը ի՞նչ է լինելու: Նրանք մեր գյուղից են՝ «տեռորիստի» պիտակները կպցրած վրաները»: Այս առնչությամբ էլ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ըստ իրենց ծրագրի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:
Հետո Սերյոժա Խաչատրյանը հուզվելով ասաց. «Թոռս զոհվել է…Օլիգարխների ո՞ր տղան է գնացել-կռվել…կամ զոհվել: Ինչո՞ւ է անմեղ ժողովուրդը միշտ զոհվում»: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Խաչատրյան Սեւակը զոհվել է նախորդ տարի՝ հակառակորդի կրակոցից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ