Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհուրդ. Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների

Մարտ 10,2017 16:50

Գերագույն հոգևոր խորհուրդը
հանդես եկավ հայտարարությամբ

Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ և աղոթական օրեր է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ինքնաքննության, զղջումի և ապաշխարության մի շրջան։ Պահոց այս շրջանի ընթացքում՝ ապրիլի 2-ին, որը նաև նվիրական օր է մեր ժողովրդի համար ապրիլյան քառօրյա պատերազմի մեր նահատակ զավակների լույս հիշատակով, տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կարևոր իրադարձություն ազգային մեր կյանքում, շրջադարձային հանգրվան հայոց պետականաշինության մեջ։ Առաջիկա ընտրություններն առանձնակի նշանակություն ունեն մեր հայրենիքի համար՝ հունավորելով անցումը նոր, խորհրդարանական կառավարման ձևին և պայմանավորելով նաև Մայր Հայաստանի հետագա զարգացումը։

Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է մեր Եկեղեցու զավակներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու ընտրություններին հայրենիքի և մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ։ Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների։
Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և առաջադրված թեկնածուներին նախընտրական և ընտրական գործընթացներում դրսևորել խոհեմության, զսպվածության և փոխադարձ հարգանքի ոգի՝ բարի ավարտի հասցնելու ԱԺ ընտրությունները և մեր հայրենական կյանքը միասնաբար առաջնորդելու հայրենաշեն աստվածահաճո ճանապարհներով։ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ողջունում է բոլոր այն ազնիվ ազգանվեր նախաձեռնություններն ու ձգտումները, որոնք ուղղված են մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին, հայրենիքի խաղաղությանը, զորացմանն ու ապահովությանը։

Աղոթքով առ Բարձրյալն Աստված հայցում ենք Երկնավորի օրհնությունը և Ամենախնամ Ս. Աջի հովանին մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ ժողովրդին»։

 

Մայր Աթոռ ՍԷջմիածին

Հայաստանյայց Առաքելական ՍԵկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031