«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրն այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին: Մերուժան Սողոմոնյանը չցանկացավ խոսել անցած տարի ամռանը տեղի ունեցածի մասին. «Գիտեք, տղաս այս պահին ազատության մեջ է, իսկ քննությունը գնում է: Նա իմ խնամակալն է: Տեղի ունեցածի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ չեմ զրուցել նրա հետ: Իմ էրեխեն ոչ մի բան չի ասել:
Ես տանից դուրս չեմ գալիս, տանը կոյկի վրա պառկած եմ միշտ, ինչ իմանամ ինչի համար ա նման բան արել: Էրեխեն ինձ ոչ մի բան չի ասում»:
Թե ինչո՞ւ է մասնակցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանրահավաքին`Aravot.am-ի հարցին, Մերուժան Սողոմոնյանը նույնպես չցանկացավ մանրամասնել, ասաց`«չեմ ուզում պալիտիկայից խոսամ»: Բայց Գագիկ Ծառուկյանին «մի երկու բառ է փոխանցել»: Թե ի՞նչ`դարձյալ չբարձրաձայնեց:
Իսկ Սպիտակում Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բավական մարդաշատ էր: ԲՀԿ առաջնորդին սպասող ժողովուրդը գրեթե թույլ չտվեց նրան ելույթ ունենալ` հանրահավաքը վերածելով հարցուպատասխանի:
Կարդացեք նաև
Սպիտակցիները նամակներ ու խնդրագրեր հանձնելուն զուգահեռ փորձում էին իրենց խնդիրը նաև անձամբ փոխանցել Գագիկ Ծառուկյանին, ուղղակի խոսել նրա հետ, ձեռքը սեղմել, որպիսությունը հարցնել, բարձրաձայնել իրենց դժգոհությունները:
«Հենց ընտրությունները գալիս են, քաղաքապետ, գյուղապետ խառնվում են իրար, բայց դա իրենք անում են իրենց պաշտոնը պահելու համար։ Մի վախեցեք ու խաթր մի արեք, ձեր ընտրությունից միայն կարող է իրավիճակ փոխվել երկրում: Ամեն ինչ ձեր ձեռքերում է` մտեք խցիկ ու քվեարկեք ձեր ցանկությամբ, բայց ոչ խաթրով»,- հորդորեց Գագիկ Ծառուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ