Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են մարտ ամսվա վերջին տասնօրյակում Երևան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին պատշաճ տեղեկատվության տրամադրման, անվտանգության ապահովման և քաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոխթար Շահուսեյնին, դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ներկայացնելով մարտի 21-31-ը Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսվող միջոցառումները, նշել է, որ նախատեսվում է մասնավորապես «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու գործարկում, իսկ Երևանի պատմության թանգարանում էլ կազմակերպվելու է իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես:
Նաև նշվել է, որ, կարևորելով զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու հյուրընկալումը, մայրաքաղաքի մուտքեր հանդիսացող ճանապարհներին տեղադրվելու են թեմատիկ վահանակներ:
Կարդացեք նաև
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև իրանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով տվյալ օրերին մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում հսկողության ուժեղացման հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն