«Հայկական վերածնունդ» ՀՎԿ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպեց արաբկիրցիների հետ:
Նա գովերգեց իրենց ծրագրում տեղ գտած երեսուն քայլը, ասաց՝ դրանք են բերելու վերածնունդ ու փոփոխություններ. «Համեմատելի չեն երկիրն այս վիճակից հանելու մեր առաջարկներն ու մի քանի հազար դրամի առաջարկները. այն, ինչ ասում ենք՝ վերաբերում է ողջ ժողովրդին, մեր ծրագրերը բազմաթիվ ոլորտներում լույս են բերելու»:
Ըստ նրա՝ փաստարկված մոտեցում է, երբ ասում են, որ պրոֆեսիոնալ բանակի անցումն անհրաժեշտություն է. «Պետք է հասնենք նրան, որ երկրի սահմանները պահեն պրոֆեսիոնալ ու վարձատրվող զինծառայողները եւ ոչ թե տասնութ տարեկան երիտասարդները: Շատ ազատամարտիկներ ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնեցին ԶՈՒ –ի հետ առաջնագիծ ու փորձեցին պաշտպանել հայրենիքը, մարզերում մարդիկ կան, որոնք պատրաստ են գնալ ու վարձատրության դիմաց ծառայել»:
Պարոն Բաղդասարյանը թվարկեց նաեւ իրենց կուսակցության տված պտուղները՝ ավանդների վերադարձը. «Մեր հաղթանակը նշանակելու է ավանդների ամբողջական վերադարձ»: Հետո ասաց, որ կրթության ու այլ ոլորտներում էլ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով փոփոխություններ են բերել:
Կարդացեք նաև
Նա խոստացավ քայլեր ձեռնարկել, որ ողջ հանրապետությունում գործեն անվճար մանկապարտեզներ. «Պետք է բռնել համայնքների այն ղեկավարների ձեռքը, որոնք իրենց բյուջեներից տասնհինգ միլիոն են տալիս ջիպեր գնելու համար, երբ այդ գումարները պետք է ներդրվեին համայնքների զարգացման համար»:
Նրա խոսքով, այս կառավարության օրոք մի քանի ամիս առաջ մի քանի հազար մարդ դարձավ գործազուրկ, եթե. «Մեր երկրում ոչինչ չփոխվի, դպրոցներում նույնպես ուսուցիչներ կկրճատվեն, բուհերն են փակվելու, որովհետեւ ուսանող չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ