Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը խոստանում է Սահակաշվիլիի սխալները չանել եւ ՌԴ-ի հետ միասին լինել

Մարտ 10,2017 15:18

ՕՐՕ դաշինքն այսօր քարոզարշավ արեց Չարենցավանում: Վարդան Օսկանյանը վստահեցրեց չարենցավանցիներին, որ այս ընտրություններին ժողովուրդն իրական այլընտրանք ունի: Նա թերահավատորեն ասաց, որ չգիտի՝ նախորդ ընտրություններին եղել է այդ այլընտրանքը, թե ոչ, բայց հիմա կա իսկական այլընտրանք. «Եթե մեզ հետաքրքրեր պաշտոնը, ինքնահարստացումը, մի հավատացեք, մենք այդ առիթն ունեցել ենք, կանեինք, այլ տեղում կլինեինք: Մեզ այդ հնարավորությունը տրվել է, բայց մենք մեր ընտրությունն արել ենք, մեր ընտրությունն է Հայաստանը: Մեր նպատակը ազնիվ է, հավատում ենք, որ կարող ենք իրավիճակ փոխել»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ինքը նույնիսկ բարոյական իրավունք չունեին իրենց չտրամադրել ժողովրդին. «Հայրենիքի կանչն էր, որ ինձ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին ստիպեց թողել մեր հանգիստ կյանքը ԱՄՆ-ում: Մենք փորձ ենք կուտակել, նույնը Սեյրան Օհանյանը: Մենք այսօր դա պետք է վերադարձնենք: Մեր ծրագիրը անվանել ենք 365 օր: Դա պատահական անուն չի: Մեզ համար երկրում փոփոխություն անելը առօրյա աշխատանք է լինելու»:

Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ երկիրը շատ արագ կարող են ոտքի կանգնեցնել, բանակում փոփոխություն անել, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել մինչեւ 240 հազար դրամի: Մենք դեմագոգիայով չենք զբաղվում, մեր տված խոստումները մենք անելու ենք: Սեյրան Օհանյանը մեր հաղթանակի առաջին շարքում է եղել, իր առողջությունն է դրել, Րաֆֆի Հովհաննիսյանը մեր ժողովրդի մեծ վստահությունն է ունեցել, ես միացել եմ նրանց: Քվեարկեք այս դաշինքի օգտին եւ վստահեցնում եմ, երբեք հուսախաբ չեք լինելու»:

Արցախի հերոս Սեյրան Օհանյանի խոսքերով՝ «Կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ ենք իրականացնելու: Լինելու է գաղափարական աշխատանք, որը մեր երկրում բացակայում է: Լինելու է հաշվետվողականություն ժողովրդի առջեւ: Մենք խոսք ենք տալիս՝ տալու ենք այդ հաշվետվությունը, եթե չլինի՝ պատրաստ ենք արժանանալու ժողովրդի ընդհանրական դատաստանին: Ես սա հենց այնպես չեմ ասում, սա իմ անկեղծ սրտից է բխում»:

Մենք ասում ենք հերիք է ամենաթողությանը, հերիք է անարդարությանը: Եթե մենք արդարություն ամրապնդենք բոլոր ոլորտներում, գործը ինքնըստինքյան առաջ է գնալու: Ես երկար տարիներ ղեկավարել եմ ԼՂՀ ՊԲ-ն, այստեղ ՊՆ նախարար եմ եղել եւ տեսել եմ՝ եթե արդարության մթնոլորտ ես ձեւավորում, մնացածն առաջ է շարժվում»:

Ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանը, եւ Հրազդանում, եւ Չարենցավանում համեմատություն անելով Վրաստանի հետ՝ ասաց, որ Սահակաշվիլին զարգացրեց Վրաստանը, բայց մենք էլ, հետեւելով նրա օրինակին, չենք անելու այն սխալները, որոնք Սահակաշվիլին է թույլ տվել. «Սահակաշվիլիի սխալները կայանում են նրանում, որ երկրի տնտեսական զարգացումը նա հակադրեց հակառուսական քաղաքականությամբ: ՀՀ-ին նույնպես կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ նոր որակի տնտեսական համագործակցությամբ: Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր որակի՝ ոչ թե փաստաթղթի վրա գրված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031