«Ես հավատում եմ ՀՀ ապագային ու իմ քայլն արել եմ, մեզնից է կախված այդ ապագան: Միանալով ՀՎԿ-ին, փորձելու ենք այդ փոփոխություններն անել, սպասում եմ ձեր քայլին՝ ընտրեք այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում եղել են հասարակական ու ազգային շահերի պաշտպանը, ոչ թե իրենց անձնական բիզնեսի պաշտպանը»,- այսօր արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ իր ընտրողներին դիմեց Արաբկիր վարչական շրջանում ՀՎԿ ցուցակով առաջադրված Կարինե Հակոբյանը:
ՀՎԿ պատգամավորի մեկ այլ թեկնածու, Արաբկիր վարչական շրջանից Մուշեղ Տերյանն էլ անդրադարձավ մամուլում տեղ գտած լուրերին, թե իր ղեկավարած «Շրջադարձ» կուսակցության ու Արթուր Բաղդասարյանի համագործակցությունը ծածուկ պայմանավորվածության արդյունք է. «Ոչ մի պայմանավորվածություն չկա, մենք հանունի սկզբունքով, հանուն փոփոխության, մաքուր գնում ենք ընտրությունների»: Մենք լուրջ մասնագետներով հագեցած թիմ ենք, պետք է հաշվի առնել ե՛ւ թիմը, ե՛ւ այն գաղափարները, որոնք պետք է դառնան իրականություն, որոնք մեր ծրագրերում կան»:
Նա իր ընտրողներին հորդորեց ուշադիր կարդալ իրենց ծրագրի բոլոր կետերը, դրանից հետո որոշում ընդունել՝ իրենց ձայնն ում տալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ