Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում Գագիկ Ծառուկյանին օրհնված խաչ նվիրեցին

Մարտ 10,2017 15:09

«Էդքան Ազգային ժողովի պատգամավոր կա, ո՞ր մեկը ձեռքը բարձրացրեց, ասեց, որ պետք ա այս արտագաղթի դեմն առնել, որ ես էլ հիմա իրենց հավատամ»,- Վանաձորում Aravot.am-ի հետ զրույցում ասաց տեղացիներից մեկը, որը եկել էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքին:

Մեր զրուցակիցը բարկացած էր ու նեղսրտած. «Տելեվիզրով որ խոսում են, բոլորն էլ շատ լավն են, բայց դրանից ժողովրդին ի՞նչ, ոչ գործարան կա, որ գնանք աշխատենք տուն պահենք, ոչ էլ նորմալ թոշակ են տալիս: 20 տարի ա՝ սիրուն-սիրուն խոսում են: Հիմա էլ ո՞ւմ հավատամ, ինչի՞ հավատամ, սաղ էլ սուտ են»:

Ուշագրավ է, որ մեր զրուցակիցները խուսափում էին ներկայանալ, նկարվել, առավել եւս՝ տեսանկարվել: Այս առիթով մեր զարմանքին ի պատասխան՝ մարդիկ ձեռքերն էին թափ տալիս ու բազմանշանակ ժպտում:

Հետաքրքրվեցինք՝ չե՞ն հավատում նաեւ իրենց համաքաղաքացի, «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանին, նա հինգ տարի է պատգամավոր է ու կարծես վատ էլ չի աշխատել: «Տեսե՞լ եք Էդմոնենց պլակատները ինչ են արել, սաղ կռասկել են ու պոկել»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, չհստակեցնելով, թե ովքեր եւ ինչի համար են այդպես վարվել նախընտրական պաստառների հետ:

Մեր զրուցակիցներից մի քանիսն էլ վստահեցրին, որ այստեղ հիմնական ընտրապայքարը գնալու է «Ծառուկյան» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության միջեւ:

Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներից ամենամուր դիրքերը այստեղ «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Կարեն Կարապետյանինն է: «Մարդիկ իրան ուրիշ ձեւի են վերաբերվում»,- վստահեցնում էին մեր զրուցակիցները:

Անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում Կարեն Կարապետյանին, մեր զրուցակիցները նաեւ վստահեցնում էին, որ իրենք վճռական են տրամադրված, ուզում են իշխանությունը փոխել: Այս իմաստով ՀՀԿ-ի այլընտրանքը համարում են «Ծառուկյան» դաշինքին՝ ի դեմս դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, չեն ընդունում այն հակափաստարկները, որ Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ եղել է գործող իշխանության հետ ու առանձնապես ջանքեր չի գործադրել ինչ-որ բան փոխելու: «Իրան չեն թողել, պտի հենց ինքը իշխանություն լինի, որ իրա ծրագրերը իրականացնի»,- ասաց զրուցակիցներից մեկը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին եւ տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների միջեւ առկա լարվածությանը, մեր զրուցակիցները վստահեցնում էին, որ կոնկրետ Վանաձոր քաղաքում ոչ թեկնածուների մեջ լարվածություն կա, ոչ էլ ընտրակաշառքների մրցավազք: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ, հանդարտ ընթանում է»,- վստահեցրին մեր զրուցակիցները:

Ի դեպ, մինչեւ հանրահավաքի մեկնարկը մի տղամարդ մոտեցավ Գագիկ Ծառուկյանին եւ նրան օրհնված խաչ նվիրեց. «Պարոն Ծառուկյան, սա օրհնված խաչ ա, թող լինի ձեզ պահապան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031