Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. «Քարոզարշավի ընթացքում կոշտ խախտումները ավելի քիչ են» (Տեսանյութ)

Մարտ 10,2017 14:39

«Ելք» դաշինքը այս ընտրություններին ունի երկու հիմնական առաքելություն»,- մարտի 10-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով 3-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Այդ առաքելությունից առաջինը, ըստ նրա, այլընտրանք առաջարկելն է. «Ոչ պոպուլիստական այլընտրանք, իրական այլընտրանք, եթե կուզեք՝ քաղաքականությունը քաղաքականացնելն է: Եվ երկրորդը՝ մարդկանց մեջ ընտրական գործընթացների վերաբերյալ հավատը վերականգնելն է, ինչը ամենադժվարն է այս պայմաններում: Եթե նայենք՝ բացի «Ելքից» գործող մնացած ուժերին՝ թե՛ իշխանական եւ թե՛ ոչ իշխանական, ես չեմ տեսնում որեւէ ուժ, որ այդ ուղղությամբ աշխատի, դեռ հակառակը՝ չի կարող կոռուպցիայի մեջ թաղված անհաջողակ նախկին պաշտպանության նախարարը իր գոյությամբ որեւէ  հավատ ներշնչել ընտրական գործընթացի հանդեպ, մանավանդ, երբ նա անընդհատ խոսում է կեղծված ընտրությունների մասին ընտրություններից առաջ: Կամ՝ չի կարող ընտրակաշառք բաժանող ընդդիմությունը հավատ ներշնչել ընտրական գործընթացների  նկատմամբ: Խոսքը Հարվարդ չավարտած Գագիկ Ծառուկյանի եւ մուրաբա բաժանող Արթուր Բաղդասարյանի մասին է»:

Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ «Ելք» դաշինքը չի պատրաստվում անել բարձրագոչ հայտարարություններ, չի պատրաստվում փրկություն խոստանալ. «Ես կարծում եմ՝ այս քսան տարիների ընթացքում մենք գոհ եւ շնորհակալ ենք փրկիչներից: Մենք փորձելու ենք առաջարկել ելք, եւ հույս ունենք, հուսով ենք կստանանք այն մարդկանց ձայները, որոնք կկիսեն ելքի տեսլականը»:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ կա մի խախտում, որն արձանագրել է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, որը քարոզարշավի ընթացքում մարդկանց դրամական աջակցության խոստումներ է տվել. «Խնդիր կա նաեւ նախընտրական պաստառների հետ: Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքի պաստառները Վանաձորում պատռել են, ինչի համար արդեն դիմել ենք ոստիկանություն: Բայց պետք է նշեմ, որ ի տարբերություն նախկին ընտրությունների, այս անգամ, այսպես ասած, կոշտ խախտումները շատ ավելի քիչ են: Եվ ինչպես ես եմ հասկանում, իշխանությունները հիմնական շեշտը եւ հույսը դրել են հասարակության հիասթափվածության, սեփական ուժերին չհավատալու, սեփական կարեւորությանը չհավատալու վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031