Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Լապշինի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Փաստաբանի խոսքով՝ Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են Լապշինի ինքնազգացողությամբ և ծանոթացել են մեկուսարանի պայմաններին:
Չերնինը նաև նշել է, որ իր պաշտպանյալի հետ հանդիպել է մարտի 9-ին և հավելել, որ նա որևէ բողոք չունի: Փաստաբանն ասել է, որ Լապշինը հեռախոսով շփվում է նաև մոր հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին: Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում Արցախ այցելությունների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ