Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանն այսօր ներկայացրեց իրենց քարոզարշավի ընթացքը, այն, ըստ նրա, նորմալ հունով է ընթանում:
«Հայացք» ակումբում նա պատմեց, որ քարոզարշավը սկսել են Տավուշի մարզից, արդեն հանդիպումներ են ունեցել Բերդի, Արարատի մարզի Վեդի և Մասիս քաղաքների ընտրողների հետ, այսօր էլ հանդիպումներ են նախատեսված Արմավիրում և Բաղրամյանում:
«Ժողովուրդն այս ընտրություններից սպասելիքներ, արմատական փոփոխությունների ակնկալիք ունի»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Նրա խոսքով, հանդիպումների ժամանակ ընտրողները գրեթե միշտ նույն հարցն են տալիս՝ ՝ ե՞րբ թոշակները կբարձրանան, նոր աշխատատեղեր ե՞րբ են ստեղծվելու, եւ անվճար բուժման համակարգին վերաբերող են հարցերը. «Ժողովուրդը լուրջ պետք է մոտենա այս ընտրություններին, ընտրություն կատարի գաղափարախոսությունների եւ ոչ թե նորահայտ կուսակցությունների ոչ իրատեսական առաջարկների միջեւ…
Մեզ համար կարևոր է վերականգնել արդյունաբերությունը, այն դարձնել քաղաքական կատեգորիա, այսօր Հայաստանը կարիք ունի արդյունաբերական ներքին կոոպերացիայի զարգացման, արտաքին տնտեսական կապերի խորացման»:
Պարոն Սաֆարյանի համոզմամբ, ընտրություններում ամենեւին պետք չէր տարածքային ընտրական ցուցակներով քվեարկությունը. «Ժողովուրդը պետք է միայն կուսակցություններին ընտրեր, այլ ոչ թե ցանկության դեպքում նաեւ անհատներին, քանի որ արդեն այսօր անառողջ մրցակցություն է ծավալվել հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Բայց մենք հույս ունենք, որ մեզ կընտրեն մեր նախընտրական ծրագրի համաձայն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ