«Ձեր տունը քանդող գյուղապետերն են, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար, իրենց կեղծիքները թաքցնելով` ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք` մնան պաշտոնին»,- այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին այսպես դիմեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը:
Նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հանդիպումները շարունակում է Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Երեկ այս տարածքում քարոզարշավ են անցկացրել դաշինքի քարոզչական խմբերը:
«Եթե դուք չեք ընտրում ձեր խղճի մտոք, չեք էլ կարող պահանջել, ու ոչինչ չի փոխվի: Ուրեմն մի էլ բողոքեք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Հավաքվածներից մեկը գոռաց. «Վախենում ենք, դրա համար էլ իրանց ասածն ենք անում»: Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Մի վախեցեք: Ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չի: Որոշողը դուք եք, հետո ընտրությունը չվերջանա ասեք` վա~յ, իշխանափոխություն չի լինում: Կրկնում եմ` ես չեմ ասում հենց ինձ ընտրեք, բայց ընտրեք ուզելով, ոչ թե վախենալով: Ոչ մեկին չմեղադրեք, ում կհավատաք` նրան էլ կընտրեք, ոչ մեկին խաթր չանեք»:
Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ դաշինքի առաջարկած 15 կետերից, խոստացավ, որ դրանք կյանքի կկոչվեն իրենց իշխանության գալու առաջին իսկ ամսում: Խոստացավ նաեւ, իշխանության գալու դեպքում, պետական բյուջեի միջոցները ծախսել նպատակային:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ