Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներից լրացուցիչ 150 հազար դրամ է գանձվելու մանկավարժի որակավորում տրամադրելու համար. «Հայկական ժամանակ»

Մարտ 10,2017 11:35

Այսուհետ, որպեսզի Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները ստանան նաեւ մանկավարժի որակավորում, պետք է լրացուցիչ վճարեն 150 հազար դրամ։

Բուհում վստահեցնում են, որ դա շատ բնական երևույթ է, ու որ այդ քայլը ոչ մի կերպ չպետք է կապել ուսանողներին տրամադրվող զեղչերը վերականգնելու որոշման հետ։ Խոսքը գերազանցության զեղչերի մասին է, որն այս տարվա փետրվարից համալսարանը կրճատել էր։ Դա բացատրել էր նրանով, որ, օրինակ, ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար որոշակի զեղչեր է կիրառում, նաեւ իրականացնում է սոցիալական մի շարք ծրագրեր, հետեւաբար հնարավորությունները սահմանափակ են՝ բոլոր ուղղություններն ընդգրկելու համար։

Բայց գրեթե անմիջապես էլ ԵՊՀ-ն ստիպված եղավ տեղի տալ ուսանողների բողոքին ու վերականգնել գերազանցության զեղչը։ Ուստի, անհրաժեշտություն առաջացավ որոշել, թե ինչ միջոցների հաշվին պետք է դա փոխհատուցել։ Այժմ ահա պարզվում է, որ ուսանողներից գումար է գանձվելու մանկավարժի որակավորում տրամադրելու համար։

«Դրանք չի կարելի իրար հետ կապել, որովհետեւ տարբեր բաներ են, ու մանկավարժի որակավորումը արդեն պարտադիր չէ։ Ուսանողներին մինչեւ ապրիլի 1-ը ժամկետ է տրվել, որպեսզի այդ որակավորումը ստանալ ցանկանալու դեպքում դիմեն դեկանատներ։ Հնարավոր է՝ ոչ մեկը չդիմի կամ երկու հոգի դիմեն։ Այսինքն՝ դու չես կարող հաշվարկ անել, որ այսքան գումար կստացվի եւ դա կուղղես ուրիշ նպատակի։ Իսկ դասախոսը հո անվճար չի՞ աշխատում։ Այդ գումարը հազիվ հերիքելու է դասախոսի աշխատավարձը վճարելուն»,- ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը։

Նա մանրամասնեց, որ պետական համալսարանում ուսանողներին առաջարկվող մասնագիտությունների թիվը մոտ 60 է։ Նախկինում դրանց գրեթե կեսի դեպքում տրվել է նաեւ մանկավարժի որակավորում։ Հետո, 2016-2017 ուսումնական տարում կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է այդպես վարվել։ Բայց բուհը դիմել է գերատեսչություն եւ վերստացել այդ թույլտվությունը։

Միայն թե հիմա արդեն մանկավարժ դառնալ ցանկացող ուսանողները, ուսման վարձից բացի, պետք է վճարեն այդ որակավորման համար։

Փոփոխությունը վերաբերելու է ոչ միայն հաջորդ ուսումնական տարիներին Երեւանի պետական համալսարան ընդունվողներին, այլեւ արդեն ընդունված եւ առաջին կուրսում սովորողներին։ Մանկավարժական դասընթացները կազմակերպվելու են երրորդ կիսամյակից մինչեւ վերջին՝ ութերորդ կիսամյակ, եւ՝ 150 հազար դրամը սովորողները պետք է վճարեն այդ ընթացքում՝ մաս առ մաս։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031