Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ երիտասարդների 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Իգիթյանը որակավորման փուլում պայքարն ավարտեց 7-րդ արդյունքով ու մտավ եզրափակիչ փուլ: Այստեղ նույնպես հայ հրաձիգի գործերը վատ չէին ընթանում եւ նա հավակնում էր մեդալի: Սակայն վերջին մեկ-երկու կրակոցներն այնքան էլ հաջող չեղան եւ Զավենը պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում: Նույն մրցաձեւում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը, որակավորման փուլում զբաղեցրել էր 22-րդ տեղը եւ եզրափակիչ չէր անցել: Նույն ճակատագրին արժանացել էր երիտասարդ աղջիկների պայքարի մասնակից Ալլա Պողոսյանը, որը 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւի որակավորման փուլում 37-րդն էր:
Նախորդ օրը երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձեւում հանդես եկան Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45), Վրեժ Թորոսյանը (52): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
Երեկ ավելի ուշ խառը թիմային պայքարում 10 մ հրացան մրցաձեւում հանդես եկան երիտասարդներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
10,03.2017