Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ եթե Մոսկվան բարկանա՞

Մարտ 10,2017 12:00

Դարձյալ «ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցման» մասին

Հայաստանն ու Եվրամիությունն ավարտեցին բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Ներկայումս զուտ տեխնիկական պատրաստություններ են ընթանում պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար: Այն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին:

Բանակցություններն ըստ ամենայնի բարդ էին` Հայաստանի ունեցած վերապահումների պատճառով, կապված նրա հետ, որ մեր երկիրն անդամակցում է ԵԱՏՄ-ին: ԵԱՏՄ-ն, կարծես, դարձել է մի բեռ. ՀՀ իշխանությունները մի քանի տարի ի լուր եվրոպացի գործընկերների հայտարարում էին, թե պետք է հարգեն ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները ԵԱՏՄ-ին անդամակցելիս, այսօր էլ, երբ ավարտվել են ՀՀ-ԵՄ բանակցությունները համաձայնագրի շուրջ, մեր իշխանություններն ամեն առիթով հիշեցնում են ԵԱՏՄ-ի գոյության մասին` առանց այդ կառույցին անդամակցության պտուղները, արդյունքները ցույց տալու:

Անցյալ շաբաթ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի գրասենյակում ունեցած իր ելույթում նշեց, որ Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականության կենսունակությանը: «Կարեւորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջեւ քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը եւ թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում եւ հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա եւս կարեւոր կապող օղակ է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ նա հավելել է. «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արեւմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի: Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, եւ Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին: Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջեւ հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման եւ ներդրումային արդյունավետ քաղաքականության ձեւավորման գործընթացին»:

Մոսկվայի խանդն արդեն սկսում է իրեն զգացնել տա՞լ

Եթե Հայաստանին հաջողվեց ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների գալ, սա, իհարկե, դրական է, ավելին՝ եթե Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ապագայում կյանքի կոչվի, ապա դրական զարգացման ուղղությամբ իրական հույսեր կարելի է ունենալ, այն առումով, որ իշխանությունները պարտավորվելու են իրական բարեփոխումներ կյանքի կոչել:

Մինչդեռ մեր երկրին՝ ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքներ մեր հասարակությունը գոնե այս պահին այդպես էլ չի տեսել: Բայց միեւնույն է՝ մեր իշխանություններն իրենց պարտավորված են զգում խոսել ԵԱՏՄ-ի հնարավորությունների մասին: Իսկ գուցե ԵԱՏՄ-ի մասին անվերջ բոլոր ամբիոններից հիշատակելը պայմանավորված է նրանով, որ մեր իշխանությունները դեռեւս մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է արգելե՞լ Հայաստանին ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել…

Այն, որ ռուսական կողմը կարող է անակնկալներ մատուցել, իհարկե, ոչ ոք չի կարող բացառել: Մանավանդ, որ արդեն իսկ ռուսական կողմից հնչում են նախազգուշական տոնայնությամբ հայտարարություններ:

Օրերս Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին «Ազատությունը» հարցրել էր, թե ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին նոր փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով՝ եթե այս փաստաթուղթը համաձայնեցվի Եվրասիական միության պահանջներին, ապա նորմալ են վերաբերվում. «Միայն թե պետք է այդ նորմերը պահպանել, քանի որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, օրինակ, Մոլդովայում: Ես նոր եմ վերադարձել այնտեղից: Ցավոք, նրանք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կորցրել են իրենց ՀՆԱ-ի մեկ երրորդը եւ կորցրել են ողջ ռուսական շուկան, քանի որ չեն համաձայնեցրել: Իսկ ի՞նչ են ստացել փոխարենը… բացի վիզաներից՝ ոչ մի բան: Եվ վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ են հետդարձ կատարել…

Նույնն էլ Բուլղարիան է. որեւէ մեկին հիմա նրանց լոլիկն ու վարունգը պետք չեն: Եվրամիության հետ պետք է զգույշ լինել, նրանց համար իրենց շուկան է կարեւոր, կապիտալիստներն այդպիսի բնույթ ունեն»:

Ինչպես նկատում ենք, ե՛ւ իշխանություններն են զգուշավորություն պահպանում, որպեսզի «չզայրացնեն» ռուսական կողմին, ե՛ւ ռուսական կողմն է «զգուշացնողի» դերում:
Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ բավական խանդով է վերաբերվում Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման ցանկացած քայլի, նույնիսկ մեր դեպքում, երբ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրում չի լինի խորը եւ համապարփակ առեւտրի վերաբերյալ կետը, ինչը իրական տնտեսական զարգացման հույս էր Հայաստանում արեւմտյան ներդրումների համար հեռանկարներով: Բայց նույնիսկ այլ ոլորտներում Հայաստանի կողմից բարեփոխումների իրականացման հետագա պարտավորությունները, օրինակ` արդարադատության համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, փաստորեն, կարող են չիրագործվել, եթե Մոսկվան որոշի, որ Հայաստանը չպետք է ստորագրի նաեւ ԵՄ-ի հետ բանակցած նոր փաստաթուղթը:

Մոսկվան գրեթե սպառնում է՝ «ոչ մեկին ուժով չենք պահում»

Ցանկացած հարթակ մեր իշխանությունները օգտագործում են` իրենց պատրաստակամությունը հայտնելով ԵԱՏՄ-ի ներուժն օգտագործելու վերաբերյալ հավաստիացումներով: ՀՀ վարչապետն օրերս մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին, որտեղ քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Առանձնակի կարեւորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առեւտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ եւ առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է. «Առավել քան վստահ եմ, որ մենք դեռեւս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետեւողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ»:
Մինչ Բելառուսն ու Ղազախստանը ժամանակ առ ժամանակ դժգոհում են Մոսկվայի քաղաքականությունից, տնտեսական ճնշումներից` ՀՀ իշխանությունները շարունակաբար շեշտում են ԵԱՏՄ-ի չօգտագործված ներուժը: Թերեւս ՀՀ իշխանությունները նկատի ունեն այն տնտեսական ոչ բարենպաստ մթնոլորտը, որոնց բախվում են մեր արտահանողներն, օրինակ, ՌԴ շուկայում:

Ի դեպ, օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին եւ փոխադարձ առեւտրի տարեկան արդյունքներն ամփոփող վիճակագրական տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016թ. ընթացքում անդամ երկրների փոխադարձ առեւտուրը նվազել է շուրջ 3 մլրդ դոլարով կամ 6,7 տոկոսային կետով: Զուգահեռաբար կրճատվել է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին առեւտուրը երրորդ երկրների հետ:

Սա է, թերեւս, պատճառը, որ Մոսկվան, կարծես, փորձում է կանխել անդամ պետություններից հնարավոր դժգոհությունները:

Բիշքեկում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքում ունեցած ելույթում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հիշեցրել է անդամ պետություններին իրենց «առավելությունները»: Նա հայտարարել է, թե միությանն անդամակցությամբ Ռուսաստանից էժան գազ ձեռք բերելու հնարավորություն են ստանում. «Ստիպողաբար ոչ մեկին չենք պահում Եվրասիական տնտեսական միության կազմում: Միայն այս կազմակերպությանն անդամակցությունն է հնարավորություն տալիս գազը գնել ցածր գներով»: Այնուհետեւ նա հավելել է. «Եթե որոշ երկրներ, որ այստեղ ներկա են, չանդամակցեին մեր միությանը, կամ, ենթադրենք՝ դուրս գային միությունից, այդ երկրները գազ կգնեին եվրոպական գներով, 200 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ահա եւ վերջ։ Եվ պետք չէ այստեղ ինչ-որ բաներ ապացուցել, հաշվարկներ անել։ Ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը` նկատելով. «Այս մասին պետք է հիշել, երբ ընդունվում են որոշումներ, որոնք խոչընդոտում են մեր ինտեգրումը։ Վերջապես՝ մենք այստեղ ոչ մեկին ուժով չենք պահում»։

Փաստացի Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հասկացնել է տվել, որ ԵՏՄ շրջանակներում ոչ մի երկիր չպետք է տարաձայնություններ ներկայացնի ԵՏՄ-ի շրջանակներում, հստակ շեշտելով, որ «ինտեգրումը վերազգային բնույթ ունի»:
Դատելով Մոսկվայի ուղերձներից` ԵԱՏՄ-ում, մեղմ ասած, առանձնապես լավ ժամանակներ չեն:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031