Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ամենաշատն աբորտից եմ վախենում»

Մարտ 10,2017 15:00

Գեղարքունիքում տղամարդիկ են որոշում՝ սեռական հարաբերություններում
կանայք պաշտպանվե՞ն, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ մեթոդով պաշտպանվեն

Գեղարքունիքի մարզում կանայք չեն դիմում զբաղվածության գործակալություններին, որովհետեւ կամ աշխատանք գտնելու հետ կապված հույսեր չունեն, կամ էլ ընտանիքի ներսում առկա սահմանափակումները թույլ չեն տալիս կանանց մտածել աշխատելու մասին: Այս համոզման են եկել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները, երբ զրուցել են մարզի բազմաթիվ կանանց հետ: Թե ինչպես են խախտվում կանանց իրավունքներն այս մարզում՝ կենտրոնի մասնագետները ներկայացրել են «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» զեկույցում:

«Երբ ամուսնացա, մարդս ասեց՝ չէ, դու կնիկ ես, նստի տունը պահի քո երեխեքին: Մինչեւ ամուսնանալս վարսավիրություն էի անում տնից տուն, բայց երբ ամուսնացա, ասեց՝ վերջ, տունը նստի: Հիմա մտածում եմ նորից սկսեմ աշխատել, որովհետեւ էրեխեքս մեծացել են, փողն էլ չի հերիքում, բայց դե հիմա էլ առաջարկը մեծ ա, ես էլ էս 10 տարի ա՝ գործ չեմ արել, էլ ո՞վ ինձ կկանչի մազ սարքելու»,- կենտրոնի մասնագետներին պատմել է 32 տարեկան մի կին Մարտունուց:

Ռեսուրսային կենտրոնի մասնագետները փաստում են, որ այս մարզի կանայք լինելով ակտիվ եւ կրթական հաստատություններում տղամարդկանց համեմատ ունենալով ավելի բարձր առաջադիմություն՝ դրսեւորում են տնտեսական ակտիվության ցածր ցուցանիշներ, ինչը վկայում է կանանց` որպես տնտեսական ռեսուրսի վատնման եւ կրթության նկատմամբ ունեցած տարբերվող դիրքորոշումների մասին:
Գեղարքունիքում իրականացրած կանանց քայլարշավի ժամանակ կենտրոնի մասնագետները արձանագրել են, որ այս մարզում կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության մեջ բավականին նշանակալի ցուցանիշ ունի:

«Առկա էին շատ տնային տնտեսություններ, որտեղ կանայք միայնակ մշակում էին բավական ընդարձակ հողատարածքներ, ինչն իր հերթին հանգեցնում է կանանց մոտ առողջական լուրջ խնդիրների առաջացման: Կանայք հիմնականում զբաղվում էին կարտոֆիլի մշակմամբ»,- նշում են զեկույցի հեղինակները: Ըստ նրանց՝ այցելած 20 գյուղերում տղամարդկանց մեծ մասը բացակայում էին ընտանիքներից, սակայն շատ կանայք պատմել են, որ չնայած ամուսինների` արտագնա աշխատանքի մեկնելուն, ֆինանսական խնդիրները շարունակում են լինել ընտանիքի կարեւոր խնդիրներից մեկը:
Գյուղապետերի ներկայացմամբ՝ այն տղամարդիկ, որոնք ձեռք են բերել ֆինանսական կայունություն, հետ են եկել եւ արտերկիր տեղափոխել նաեւ իրենց ընտանիքներին, մինչդեռ այս մարզի տղամարդկանց մեծ մասը, ինչպես որ կենտրոնի մասնագետների հետ զրույցում վստահեցրել են գյուղապետերը, Ռուսաստանում աշխատում են անկայուն պայմաններում, ինչի պատճառով չեն կարողանում տեղափոխել իրենց ընտանիքի անդամներին: Նման դեպքերում նաեւ ֆինանսական աջակցությունն ընտանիքներին շարունակում է լինել ոչ ստաբիլ:

Զեկույցի հեղինակների բնորոշմամբ՝ Գեղարքունիքում արմատացած գենդերային կարծրատիպերն իրենց հետեւանքներն են ունենում կանանց` աշխատաշուկայում ներգրավվածության տեսանկյունից, որն էլ իր հերթին բերում է կանանց կախվածության տղամարդկանցից եւ տղամարդկանց կողմից թելադրվող պայմանների նկատմամբ բարձր հարմարվողականության:

Զեկույցի հեղինակները նաեւ պարզել են, որ այս մարզում շատ կանայք չունեն սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայություններին հասանելիություն՝ ներառյալ սեռական հարաբերությունների ժամանակ սեռավարակներից եւ անցանկալի հղիությունից պաշտպանության ժամանակակից եղանակները. «Բուժօգնություն իրականացնող գյուղական ամբուլատորիաներում բացակայում են որեւէ տեսակի հակաբեղմնավորման մեթոդներ, շատ համայնքներում չկան նաեւ դեղատներ, որտեղից համայնքի բնակիչները կկարողանան ձեռք բերել տվյալ մեթոդները»: Բուժհաստատության ներկայացուցիչները նշել են, որ հակաբեղմնավորման մեթոդները ոչ թե կանայք են որոշում, այլ տղամարդն է կայացնում կնոջ մարմնի եւ առողջության վերաբերյալ որոշումը:

«Դե, մենք չունենք սեռական հարաբերություններից պաշտպանության միջոցներ, որ մի հատ էլ բաժանենք մարդկանց: Սովորաբար ամուսինները գալիս են Ռուսաստաններից ու իրանք են որոշում, թե կինն ինչ ձեւով պիտի պաշտպանվի կամ ընդհանրապես պիտի պաշտպանվի՞, թե՞ ոչ: Մեզ մոտ կան ամուսիններ, որ ասում են` էդ ի՞նչ ես պահում ինձնից, որ ուզում ես պահպանակ օգտագործել, դրա համար շատ կանայք ռիսկ չեն անում առաջարկել ինչ-որ միջոց»,- կենտրոնի մասնագետներին այսպիսի մտահոգություն է ներկայացրել մարզի բուժհաստատության ներկայացուցիչը:

Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ խնդիրը միայն այդ մեթոդների հասանելիությունը չէ, այլեւ այն համընդհանուր իրազեկվածության, եւ անվտանգ հարաբերություններ ունենալու մշակույթի բացակայությունն է պատճառը, որ հանգեցնում է հղիության արհեստական ընդհատման` որպես հակաբեղմնավորման մեթոդի կիրառման, որը պետության կողմից ոչ պլանավորված եւ ոչ զգայուն գենդերային քաղաքականության արդյունք է:

«Իմ ամուսինն է որոշում, թե ոնց պիտի պաշտպանվենք, եթե ինքն ասում է՝ չէ, պիտի առանց պաշտպանվելու հարաբերություններ լինեն, ես ինչ կարամ անեմ, չնայած ամենաշատն աբորտից եմ վախենում, լավ ա՝ էլի երեխա ունենամ, բայց աբորտ չանեմ»,- կենտրոնի մասնագետների հետ զրույցում ասել է Սարուխան գյուղից 39-ամյա մի կին:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031