Լրահոս
Օրվա լրահոսը

Ճողոպրող ու ստող հայ «աստղեր»

Մարտ 09,2017 23:59

ՀՀԿ քարոզարշավին մասնակցող շոու բիզնեսի ներկայացուցիչները ամաչում են խոսել տեսախցիկի առաջ: Ամաչում են, որովհետեւ իրենք իրենց հետ էլ անկեղծ չեն: «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես են ճողոպրում, ոմանք հրմշտում են լրագրողին, ոմանք ասում` «ես չխոսեմ, էլի~», արագ թաքնվում են ծածկվող դռան հետեւում:

Իսկ ինչի՞ց են ամաչում, եթե համոզմունքի ուժով են եկել քարոզարշավի կամ հանուն փողի: Վաղը նրանք օսլայած բառերով կրկին մարդասիրությունից կխոսեն հեռուստաեթերից, բեմերից կամ գուցե որեւէ սերիալում գերազնիվ ու անձնազոհ անհատի մարմնավորեն… Իսկ նրանց ո՞վ կհավատա, երբ իրենք իրենց չեն հավատում, ուր մնաց որեւէ ուժի հավատան:

Ամենաագրեսիվն Անդրեն էր` իր ուղեկցի հետ: Նա պատճառաբանեց, թե իբր եկել է հանդիպելու մարզերի հանդիսատեսին ու վաղուց այդ հնարավորությունը չուներ: Իսկ ո՞վ էր նրան ու մյուսներին ստիպում «խոպան» գնալ Ամերիկաներ ու հետո քարոզարշավից քարոզարշավ վերադառնալ եւ փարիսեցիաբար խոսել հայաստանցի հանդիսատեսի հանդեպ անափ սիրուց:

Լուիզա Ղամբարյանը հայտարարեց, թե համոզումով է եկել քարոզարշավի, որովհետեւ վստահ է, որ իշխող կուսակցությունից է կախված իր երեխայի ապագան, որը դրսում հաստատ ավելի լավ կարող էր ապրել, ինքն էլ ավելին կվաստակեր, բայց գերադասել են մնալ Հայաստանում: Լուիզա Ղամբարյանը դերասանուհի է, նա ի վիճակի է սիրուն խաղալ, արտիստիկ ասել, որ տեղյակ չէ վիճակագրությանը, թե քանի մարդ է լքել Հայաստանը, քանի միլիարդ է դուրս հոսել մեր երկրից: Նա քնքուշ արդարացավ, թե չի տիրապետում թվերին, բայց վստահ է, որ կոռուպցիան կրճատվել է, ու այդպես ամեն ինչ կամաց-կամաց կլավանա: Սա, թերեւս, դերասանուհու ամենաճիգ գործադրած խաղն էր, բայց ոչ ամենահամոզիչը: Տհաճ էր, որ Հայաստանում ապրելը նա հայաստանցիների համար լավություն ներկայացրեց:

Արսեն Գրիգորյանը, երեւի եղածների ֆոնին ամենաանկեղծն էր: Նա խոստովանեց, որ երգիչ լինելու արդյունքում է հայտնվել ՀՀԿ-ի քարոզարշավին, ասաց, որ պատահել է ե’ւ ՀՀԿ-ի ե’ւ ԲՀԿ-ի համար է երգել, քանի որ իր գործը հենց երգելն է: Ձեռքի հետ էլ, իհարկե, քարոզչություն արեց, թե մեր գալիքը լինելու է պայծառ, որովհետեւ ելույթ ունեցողների խոսքերը հույս են ներշնչել իրեն:

Լեյլա Սարիբեկյանն ու մյուսներն անթաքույց փախան տեսախցիկից: Մարդիկ ասելիք չունեն, ավելի ճիշտ ` հարմար ասելիք չունեն: Նրանք ընդամենը իշխանական սեղաններ ու քեֆեր ծաղկեցնող են, ինչի համար էլ կոչումներ են ստանում, համերգների հրավերներ, սերիալներում նկարահանվելու «անցաթուղթ», փոքր-մոքր օբյեկտների հնարավորություն:

Նրանք, իհարկե, համերգ չեն տա Գյումրիի տնանկ ընտանիքների համար, իսկ եթե որեւէ բարեգործական միջոցառման մաս կազմեն, անպայման կնկարվեն, կհրապարակվեն գունավոր զարդարուն ամսագրերում` հոլիվուդյան ժպիտներով: Չնայած նրանք ո~ւր, Հոլիվուդն ուր: Նրանք Մերիլ Սթրիփ չեն դառնա` կյանքում գոնե մեկ անգամ համարձակություն չեն ունենա ասելու, որ «արքան մերկ է», ոչ միայն այն պատճառով, որ այդքան տաղանդավոր չեն, այլ որ քաղաքացի չեն եւ չեն դառնա;

Ի միջիայլոց 2012թ մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ նույն Լեյլա Սարիբեկյանը շարունակում էր երգել բեմի վրա, երբ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին, ու 154 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել: Ավելի ուշ արդարացում էր հնչել, թե խուճապ չառաջացնելու նպատակով է այդպես արվել: Վստահ եմ` երբ այս մարդիկ վաղը համապատասխան կերակրատաշից օգտվելու հնարավորություն չունենան, հաստատ սրտաճմլիկ արդարացումներ կգնեն: Արտիստի առաքելություններից մեկը դերի մեջ հեշտ մտնելն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հիմնական պատճառը հացի խնդիրն է: Ցավալի է, որ, երգիչները ազատ չեն: Նրանք գաղափարին չեն ծառայում, այլ փողին ու նյութին:

  2. Հ.Շ. says:

    Նախագահ Թրամփի հետ բաղդատականը ի զօրու է… հակառակ ուղղութեամբ եւ տրամաբանութեամբ:

    Արդարեւ, ԱՄՆ-ում եւ ընդհանրապէս աշխարհում իսկական համարձակութիւնը, մինչեւ իսկ քաջութիւնը՝ Թրամփին դէմ արտայայտուիլը չէ, այդ ալ՝ մակերեսային եւ թեթևսոլիկ կերպով, այլ անոր նկատմամբ որեւէ դրական կարծիք յայտնելը: Նամանաւանդ՝ ժողովուրդի մի հատուածի անիմաստ զբաղումին ծառայող շողշողուն կրկեսի անդամների շրջանակներում: Այդ պատճառով ալ արդէն Թրամփի ընտրական յաղթանակը մեծ անակընկալ հանդիսացաւ ոմանց համար: Որովհետեւ անոր զօրակցողների մասսան լուռ է, եւ նոյնիսկ նախընտրում է հանրային բեմի վրայ չերեւնալ, «պահուըտած» մնալ:

    Նոյն հոգեբանութիւնը տիրում է նաեւ Հայաստանում եւ ընդհանրապէս Հայութեան մէջ, ցարդ երկիրը կառավարող վարչակարգի նիւթով:

    Այս յօդուածը չափազանց խիստ է Հայաստանի արուեստագէտների նկատմամբ, եւ նոյնքան շատ բարիացակամ՝ Հոլիվուտի կեղծ ու արուեստական, շինծու, հիւանդագինօրէն ինքնահաւան, տարրական իրականութիւնից անջատուած «աստղերի» հանդէպ:

  3. Մանե says:

    Գոհար, սիրելիս, եթե Անդրեն կամ Լեյլան ՀՀԿ-ին են սիրում, Դուք ինչու եք պարտադրում, որ ատեն? Ում ուզում են, թող սիրեն, չէ որ նրանցից շահ ունեն, կոչում են կորզել, ուրեմն ևա պարտավորություն են ստանձնել հարկ եղած դեպքում երգել նրանց համար… Գուցե փրկությունը ՀՀԿ-ի մեջ են գտնում?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031