Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանը փորձում էր վարչապետի բարի գործը ՀՅԴ-ին վերագրել. (Ֆոտոշարք)

Մարտ 09,2017 21:40

Այսօր Գեղարքունիք մարզի Մարտունի քաղաքի ռեստորաններից մեկում Հայ հեղափոխական դաշնակցության  քարոզարշավին ՀՅԴ ներկայացուցիչներ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանն իրենց ելույթներով հավաքվածներին հորդորում էին ձայն տալ Դաշնակցությանը, քանի որ իրենք Հայաստանում արմատական փոփոխություն են կատարել՝ Սահմանադրական փոփոխությունները:

Դավիթ Լոքյանն էլ ասաց. «Մենք ծրագրային հիմնական խնդիր ենք դարձրել առաջիկա տարիներին առավելագույնս պետության միջամտությամբ շուկայական մեխանիզմներով գործող վարկային համակարգում իրականացնել այնպիսի սուբսիդավորման մեխանիզմներ, որոնք հասանելի կդարձնեն մինչեւ 7-8, ինչու ոչ, նաեւ խոշոր ծրագրերի համար մինչեւ 5%-ի հասնող վարկային ռեսուրս: Մենք կունենանք այս կարգի վարկային ռեսուրս, մենք կունենաք ակտիվացող տնտեսություն եւ համախառն ներքին արդյունք: Մենք մեր ծրագրային դրույթներում ֆիքսել ենք այդ առաջնահերթությունները եւ լրջագույնս մեր խորհրդարանական ֆրակցիան պետք է հետամուտ լինի եւ պարտադրի, որ կառավարությունը ներդնի միջոցներ սուբսիդավորելու հատկապես հեռավոր ու բնակլիմայական ծանր պայմաններում ապրող տնտեսվարողներին էժան եւ մատչելի վարկեր»:

Լոքյանը նաեւ թոշակների զգալի բարձրացում խոստացավ, առողջապահության ոլորտում էլ՝ ապահովագրություն եւ այլ շատ լավ խոստումներ: Դահլիճում նստածներն առանձնապես չոգեւորվեցին, համենայնդեպս, Գեղամավանի բնակչության ոգեւորությունն ու բուռն ծափահարություններն այստեղ չհնչեցին:

Իսկ Գեղամավանում ՀՅԴ-ի քարոզարշավի ժամանակ բնակիչներն իրենց համագյուղացի եւ վարկանիշային թեկնածուի ելույթի ամեն մի խոսքը ոգեւորությամբ էին ընդունում:

Aravot.am-ը Դավիթ Լոքյանի հետ զրույցում նկատեց՝ մարտունեցիներին ներկայացվեց մարզերում բիզնեսի աջակցմանը էժան վարկավորման ծրագիրը, որը հիմա ՀՀԿ իշխանությունն է անում, եւ այն ներդրվել է ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:

«Այո, ես դա նկատի ունեի»-ասաց Լոքյանը: Մեր այն դիտարկմանն էլ, որ դա հրամցվեց որպես ՀՅԴ-ի ծրագիր, Լոքյանն ասաց. «Այդ ծրագիրը մեր նախարարությունով է գնում: Մենք պնդելու ենք, կատալիզատորի ֆունկցիայի ենք անելու, որ մշտապես լինի, շարունակական լինի, մինչեւ այն ժամանակ, որ երկրում կստեղծենք ապահովված աշխատատեղեր: Դրանից հետո ազատ շուկայական գաղափարախոսությունը թող գործի: Այսօր պետությունը պարտավոր է մասնակցություն ունենա տնտեսության առողջացմանն ու հզորացմանը»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ այլ քաղաքական ուժերի թեկնածուներն, թիմակիցներն  իրար կոկորդ են կրծում իրար հետեւից ինչ ասես խոսում են, մեկը մյուսից ձայն հավաքի, իսկ Դաշնակցությունն այդպիսին չէ:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031