Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում լրագրողի վրա հարձակվողը «Գծի հետև» կոչվող թաղի տղերքից է

Մարտ 09,2017 20:44

Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ դատական նիստի մասնակիցներից մեկը  հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի (լուսանկարում) վրա, խլել  ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով այդ երիտասարդի լուսանկարը ու հաղորդում տալով հանցագործության մասին, հինգ օր ժամանակ էր տվել վերջինս գտնելու համար։

«Ոստիկաններ, քննիչներ, դատախազություններ, տեղեկացնում եմ, եթե ամենաշատը երկու օրից ընթացք չտվեցիք էս գործին ու հինգ օրից չգտաք ես գյադին ու քր․ գործ չհարուցեցիք, հետո չասեք՝ բա էս ոնց պատահեց։ Խոստանում եմ՝ գտնելու եմ էս գյադին ու անճանաչելի լանդշաֆտային փոփոխությունների ենթարկեմ, համարյա՝ 12 բալանոց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Լևոն Բարսեղյանը։

Այսօր ՀՀ դատախազության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Ըստ դատախազության պաշտոնական տեղեկատվության․ «2017 թվականի  մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր նախապատրաստելու համար:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի կողմից: Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ.Ս.-ն, չցանկանալով  որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»:

Ոստիկանությունից ճշտեցինք, որ Կ․Ս․-ն ապրում է Գյումրու «Գծի հետև» կոչվող թաղամասում, գործազուրկ է։ Նա Հրաչիկ Միրոզյանի գործով ամբաստանյալի՝ Կամո Խաչատրյանի շրջապատից է։

Հիշեցնենք, որ Հրաչիկ Միրոզյանին դանակահարել էին 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ։ Այդ ժամանակ որպես կասկածյալ՝ ձերբակալվեց ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանի որդին՝ Կամո Խաչատրյանը, որը հանրությանն առավել հայտնի է Ռուդիկ անունով, սակայն կարճ ժամանակ անց փոխվեց նրա խափանման միջոցը. գրավի դիմաց նրան ազատ արձակեցին՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Անահիտ Սիմոնյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Բա սրա ծիծակ կոշիկները 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031