«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Մինասյանը ասել է, որ կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում և Արցախում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր:
«SPFA կազմակերպությունն 2004 թվականից Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում իրականացրել է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ 2006 թվականին այդ գյուղում մեկնարկել է շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը: Բոլոր հին խողովակները փոխարինվել են նորերով և տեղադրվել հաշվիչներ՝ գյուղն ապահովելով շուրջօրյա ջրով: Նույն ծրագիրն իրականացվել է շուրջ տասը գյուղերում՝ ընդգրկելով Խնապատ, Խնձրիստան, Խրամորթ, Ծաղկաշատ համայնքները: Այս ամենն իրականացվել է կազմակերպության ծրագրերի համակարգող ֆրանսահայ Ժաք Մաթոսյանի, շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և մի շարք այլ բարերարների կողմից,-ասել է Լ. Մինասյանը և հավելել,- հատկանշական է նաև մանկական խաղահրապարակների կառուցումը Խնապատ և Նորագյուղ համայնքներում, ինչպես նաև Ստեփանակերտի Արմենավան թաղամասում»:
Լ. Մինասյանի խոսքով՝ SPFA-ն Մարտունի քաղաքում, Ասկերանի շրջանի Հարավ և Խնապատ գյուղերում իրականացրել է նաև մանկապարտեզների կառուցում: Արցախում ֆրանսերեն լեզվի զարգացման ու տարածման մասին կազմակերպության պատասխանատուն նշել է, որ SPFA-ն այս առումով կարևոր դերակատարում ունի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի կայքում: