Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերություններին, որոնք ամուր հիմք են հանդիսանում այսօր երկու երկրների արդյունավետ գործակցության համար:
Նորին Սրբությունը նախարարին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես խոսելով խորհրդային տարիներին Եկեղեցու կողմից դիմագրաված դժվարությունների, ինչպես նաև ներկայիս իրականացվող առաքելության և առկա մարտահրավերների մասին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին և Հունաստանի ու Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ գործակցությանը, որի շնորհիվ Մայր Աթոռի միաբաններն իրենց հոգևոր բարձրագույն կրթությունն են շարունակում Հունաստանի համալսարաններում:
Կարդացեք նաև
Իր հերթին Հունաստանի Արտաքին գործերի նախարարը զրույցի ընթացքում խոսեց ժողովուրդների կյանքում եկեղեցիների կարևոր առաքելության մասին: Վերջինս ընդգծեց, որ Եկեղեցին կարևոր ծառայություն է իրականացնում` նպաստելով հասարակության մեջ ազգային ինքնության և բարոյական արժեքների պահպանությանը, հանդուրժողականության, համերաշխության և լավատեսության ոգու սերմանմանը և մարդկության ապահով կյանքի տեսլականի ձևավորմանը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պրն. Նիկոս Կոցիասն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում տիրող ցավալի իրավիճակին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ