Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ես եզդի եմ, և դա է վկայում իմ ծննդյան վկայականում կատարած գրառումը». ՀՀԿ-ական թեկնածու

Մարտ 09,2017 18:45

«Ես ազգությամբ եզդի եմ, և դա է վկայում իմ ծննդյան վկայականում 1982-ին կատարված գրառումը»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ ցուցակով առաջադրված Ռուստամ Մախմուդյանը:

Հիշեցնենք, որ եզդի համայնքի ներկայացուցիչները օրեր առաջ հրապարակային հայտարարում էին, թե պարոն Մախմուդյանը քրդամետ է, և նրան եզդի համայնքը չի ներկայացրել` որպես պատգամավորի թեկնածու: Նրանք պնդում էին, թե Մախմուդյանին պատգամավորի թեկնածու առաջադրելով` ՀՀ իշխանությունները նպատակ են դրել եզդիներին քրդացնել:

Մեզ հետ զրույցում պարոն Մախմուդյանը հավաստիացրեց, որ քրդամետ, քրդացնել այդ ամենը մանկական արտահայտություններ են, և տրամաբանության մեջ չեն տեղավորվում. «Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր ազգային պատկանելությունը և կրոնական հավատալիքները: Իմ` եզդի ժողովրդի ներկայացուցիչ լինելու հանգամանքը հաստատված է դեռ 1982-ի ծննդյան վկայականում կատարված գրառմամբ»:

Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, թե հպարտ է, որ ինքը եզդի է: Հարցրինք` կոնկրետ ի՞նչ ծրագրեր ունի, որ խորհրդարան մուտք գործելուց հետո իրականացնելու է եզդի համայնքի համար, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Եթե մտածում ենք, որ բոլոր  հիվանդությունների միակ դեղամիջոցը լինելու է իմ` պատգամավոր դառնալու հանգամանքը, այդքան էլ արդարացի չէ: Ես ԱԺ գնում եմ զբաղվելու ինչպես եզդիների, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների հարցերով, իհարկե` նախապատվություն տալով ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրացմանը»:

Հետաքրքրվեցինք` մի՞թե հատուկ եզդիական համայնքի համար ծրագրեր չունի, քանի որ այդ համայնքի ներկայացուցիչները մտահոգված են, որ իր` պատգամավոր դառնալով եզդիները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, պարոն Մախմուդյանը պատասխանեց. «Իմ ծրագիրը բխում է ՀՀԿ-ի ծրագրի ամբողջ տրամաբանությունից, որը կարող է ներառել եզդիական համայնքին հուզող թե՛ կրթական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային բաղադրատարրեր:  Անելու եմ ամեն ինչ, որ եզդիները ներգրավված լինեն երկրի պետական և հասարակական, քաղաքական կյանքին»:

Մեր այն հիշեցմանը, թե եզդի համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք չեն երաշխավորել պարոն Մախմուդյանի թեկնածությունը, մեր զրուցակիցը արձագանքելով` հակառակը պնդեց` նշելով, որ ՀՀ նախագահին ՀՀ եզդիաբնակ գյուղերի համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների, սպորտսմենների և գործարարների ստորագրությամբ և նախաձեռնությամբ նամակ է հղվել և ի թիվս մյուս երեք անձանց ներկայացվել է նաև իր թեկնածությունը:

Դառնալով իրեն քննադատողներին, օրինակ` Մասիսի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանին, պարոն Մախմուդյանը նշեց, թե նման անձի չի ճանաչում ոչ ինքը, ոչ էլ եզդիական համայնքը. «Իրեն հարցրեք, թե ինքը որպես Մասիսի կառույցի ղեկավար ի՞նչ իրավական հիմնավորմամբ է հանդես գալիս: Այդ մարդիկ որևէ տեսակի կարգավիճակ չունեն,  պարզապես անասնապահությամբ զբաղվող անձինք են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031