Ժամանակակից բալետը զարգացնելու ուղիներ է փնտրում «Պարարվեստի զարգացման հիմնադրամը»:
Մարտի 9-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամի շնորհանդեսին:
Հիմնադրամը գործում է արդեն երկու ամիս: Իրականացրել է երկու նախագիծ: Բայց հիմնական գործունեությունը կծավալի շնորհանդեսից հետո: Այն տեղի կունենա մարտի 10-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
«Պարարվեստի զարգացման» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը նշում է. «Մեր նպատակը պարարվեստի, մասնավորապես ժամանակակից բալետի զարգացումն է: Ուզում ենք ստեղծել հարթակ, որտեղ կկարողանան դրսևորվել երիտասարդ ստեղծագործողները, ինչպես նաև կապ կստեղծենք արտասահմանի հետ: Հյուրեր կհրավիրենք, որոնք վարպետաց դասեր կանցկացնեն»:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը առաջարկեց նաև խմբեր հրավիրել, որպեսզի մրցակցություն լինի, որից ավելի որակյալ գործեր կստեղծվեն. «Հաճախ մոդեռն պարը մեր հասարակությունը ասոցացնում է անհասկանալի շարժումների հետ, բայց ամեն անհասկանալի շարժում չէ, որ ստեղծագործություն է, ինչպես «ամեն սև բան չէ, որ Օթելլո է»: Մինչդեռ ժամանակակից պարը հոգու ճիչ է, ազատություն է, որը հարազատ է բոլորիս: Առհասարակ հիմնադրամը պիտի գտնի ուղիներ՝ օգնելու խմբերին զարգացնել պարարվեստը: Նպատակահարմար է կապ ստեղծել շրջանավարտների հետ»:
Պարոն Կարապետյանը խոսեց նաև պարագողության մասին, որն այժմ գրեթե անվերահսկելի է. «Հիմնադրամը այս խնդրով ևս պիտի զբաղվի: Հաճախ փոխում են մի երկու շարժում և հայտարարում, որ իրենք են բեմադրել, և մարդու տարիների ստեղծածը յուրացնում են: Ավելի լավ է տասը անգամ վատ բեմադրես, բայց քոնը լինի»:
Մարտի 23-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հիմնադրամը կներկայացնի «Տեսիլաժամեր» և «Տրիպտիխ» ժամանակակից բալետային ներկայացումները, որոնք արդեն հաջողություն են ունեցել արտասահմանում՝ մասնակցելով հանրահայտ «Diana Vishneva Context» միջազգային պարի փառատոնին և «Հարավային Կովկասի Ժամանակակից Պարի և Փորձառական Արվեստի» միջազգային փառատոնին»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ