Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի շտաբի աշխատակիցներն ու ակտիվիստներն ընդվզում են (ձայնագրություն)

Մարտ 09,2017 17:46

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ծառուկյան դաշինքի աջակիցների շտաբում բունտ է հասունանում: Շտաբի աշխատակիցներն ու ակտիվներն իրենց աշխատանքի դիմաց խոստացված գումարները չեն ստացել:

Այս պահի դրությամբ շտաբի 45 աշխատակից եւ մոտ նույնքան էլ ակտիվիստներ գումար չեն ստացել, այս մասին մեզ տեղեկացրեցին շտաբի աշխատակիցները: Նրանք Aravot.am-ին պատմեցին, որ «իրենց վրա թվեր են դրել». «Սկզբում ուրիշ թիվ էին ասում, հիմա մեր վրա թիվ են դրել, մենք որտեղից տանենք այդքան, մարդ չկա, այդքան ընտրող չկա: Մեզ ասում են՝ գնա այսքան թիվ բեր, աշխատավարձդ տանք»:

Ըստ մեր զրուցակցի, նախնական պայմանավորվածության համաձայն, ԲՀԿ ակտիվիստներին հիսուն հազար դրամ են խոստացել քսան ձայնի դիմաց, հիմա նրանց գումարները հերիք չէ, չեն վճարում, մի հատ էլ պահանջում են էլի ձայներ բերել:

Շտաբի պետն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ գիշեր-ցերեկ կուսակցության ակտիվիստներն իրեն զանգում են, փող են ուզում. «Օրը հարյուր հոգի ինձանից գումար է ուզում, նույնիսկ ամուսիններ են զանգում գումար ուզում»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Նազարյանի հետ: Նա հերքեց, թե շտաբում նման խնդիրներ են առաջացել, ասաց. «Այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, նման բան չկա, զանգեք կուսակցության կենտրոնական շտաբ: Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, որեւէ այդպիսի բան, ինչ ասում եք, չկա»:

Մեր հարցին, թե ԲՀԿ-ն ձայն հավաքող ակտիվիստներ չունի՞, պարոն Նազարյանն ի պատասխան՝ անջատեց հեռախոսը:

Aravot.am-ը զրուցեց նաեւ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանի հետ, նա նույնպես հերքեց տեղեկատվությունը. «Ի՞նչ գումարների մասին է խոսքը, չկա նման բան ընդհանրապես, Հակոբ Նազարյանն էլ իրավասու չէ, որ շտաբից փող վերցնի, տա, Հակոբ Նազարյանին փող չենք տվել, չենք էլ տալու, որ ձայների համար գումար տա ու աշխատի»:

Պարոն Վարդանյանն իր ասելիքը վերջացնելուց հետո նույնպես անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց զանգերին:

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պահին նշված շտաբի աշխատակիցներին կանչել են հրատապ ժողովի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031