2017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր նախապատրաստելու համար:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի կողմից:
Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ. Ս.-ն, չցանկանալով որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կարդացեք նաև
Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն