Այսօր «ՕՐՕ» դաշինքի անդամները «Փաստարկ» ակումբում ասուլիս էին հրավիրել:
Լրագրողների հարցին՝ մամուլը գրում է, որ «ՕՐՕ»-ին չի հաջողվի ձայներ հավաքել ու հետագայում հնարավոր է «Ծառուկյան» դաշինքին միանա՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տրամաբանություն չկա դրանում. «ՕՐՕ դաշինքը խորհրդարանում շատ ներկայանալի ներկայություն կունենա: Եթե կարողանանք այդ աստիճանի քարոզարշավ իրականացնել եւ մեր քաղաքացիներն էլ ակտիվանան, տեսնեն, որ մեր դաշինքը ամենաիրական դաշինքն է, որ այդ բարեփոխումներն իրականացնի՝ մենք մեծամասնություն էլ կունենանք: Բացի ՀՀԿ-ից, մենք մնացած բոլոր գործընկերների հետ պատրաստ ենք լինելու համագործակցության: Այս իշխանություններին թողնել եւս մեկ անգամ վերարտադրվել՝ ուղղակի մահացու է մեր պետության համար»:
Դիտարկմանը, որ «ԵԼՔ» դաշինքն ասում էր՝ դուք ավելի շուտ համագործակցության կգնաք ՀՀԿ-ի հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բայց մեր փոխարեն ինչո՞ւ են որոշում կայացնում, մեր փոխարեն թող որեւէ մեկը որոշում չկայացնի: Մեր պահով չեն կարող այդ պնդումն անել: Ես այլոց վերաբերյալ շատ պնդումներ կարող եմ անել, բայց չեմ ասում: Հստակ ե՛ւ պարոն Օսկանյանի, ե՛ւ պարոն Օհանյանի պարագայում, առավել եւս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում դա բացառված է»:
Ստեփան Մարգարյանն ասաց, թե սին են այն ընկալումները, որ եթե որեւէ մեկն իշխանության մեջ է եղել, հետագայում չի կարող իշխանության դեմ պայքարել. «Բազմաթիվ օրինակներ կան: Ամենավառ օրինակը 2003-2004-ին Վրաստանում էր, երբ Սահակաշվիլին, Ժվանիան, Բուրջանաձեն առանցքային դեմքեր էին իշխանական համակարգում, բայց անհամաձայնություն ունենալով իշխանությունների հետ, դուրս եկան, դարձան ընդդիմադիր եւ արագ իշխանափոխություն իրականացրեցին եւ Վրաստանն անճանաչելիորեն փոխվեց»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ձեր ծրագրում ասում եք, որ մինչեւ 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսը պետք է ազատվի հարկերից, հաշվի առնելով, թե ինչքան ճարպիկ են բիզնեսմենները, չկա՞ մտավախություն, որ, ենթադրենք, ՍԱՍ-ի Արտակն իր բիզնեսը բաժանի մասերի, մինչեւ 60 մլն-ի հասցնի եւ ազատվի հարկերից՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Այդ նույն բանն իշխանություններն են ասում, որ շատ դժվար կլինի վերահսկելը: Ժամանակին, երբ ՀՀ ներկրվող մեքենաները մաքսազերծվում էին Վրաստանում եւ վրացական համարներով էին գալիս, պատճառն այն էր, որ մաքսազերծումը Վրաստանում շատ էժան էր, մեր մոտ թանկ էր: Մեր հարկային-մաքսային մարմինները վարչական հսկայական ապարատ էին աշխատեցնում դրա դեմն առնելու համար՝ փոխանակ տնտեսական միջոցներով դա լուծելու»: Ըստ պարոն Մարգարյանի, շատ հեշտ է ստեղծել այդ համակարգը, որ հնարավոր չլինի բաժանել:
Էլինար Վարդանյանի խոսքերով՝ «Իշխանությունները սովորաբար այդպիսի հիմնավորումներ են բերում՝ ասելով, որ վա՜յ, եթե այդպիսի բան անենք, կտեսնեք ինչպիսի հետեւանք կունենա: Դրանով շատ ավելի վատթար պայմաններ են ստեղծում մանր ու միջին բիզնեսի իրականացնողների համար: Մենք պետք է այնքան համարձակություն ունենանք, որ գնանք այդպիսի քայլերի»: Ըստ տիկին Վարդանյանի, միեւնույն ժամանակ պետք է այնպիսի համակարգ ստեղծել, որ որեւէ մեկը չկարողանա սողոսկել:
Իսկ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խոշոր տնտեսվարողներն ագրեսիվ քաղաքականություն են իրականացնում, նրանց ձեռնտու չի լինի մանրացնել բիզնեսը, բացի այդ, հարկային հետախուզության գործառույթը պետք է պատշաճ կատարվի, որ բացահայտեն. «Զոքանչի անունով, ընկերոջ, ընկերուհու, քեռու, բաջանաղի անունով կանեն, բա օպերատիվ հետախուզական աշխատանքը դրա համար է, որ բացահայտի, առավել եւս մեր երկրում, որ այնքան փոքր է, որ ամեն ինֆորմացիայի համար ընդամենը 5 րոպե է պահանջվում, որ ճշտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ