Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ում ականջներն են երեւում կոոպերատիվ Գելափի հետեւում». «ՕՐՕ» դաշինքն իր սոցհարցումներն է անցկացրել

Մարտ 09,2017 17:20

«Ժողովուրդն ինքնահոսի է՝ իշխանություններից լքված, իր խնդիրների հետ դեմ հանդիման: Արտագաղթի միջոցով է ուզում իր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն միտված քայլեր անել: Իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ՝ բացառությամբ ձայնի, որը փորձում են պարբերաբար գնել, կեղծել: Իշխանությունն ակնհայտորեն ունի մի քանի թեզ, որի միջոցով փորձում է վերարտադրվել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նույն դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ «Աստիճանաբար երկիրը գլորվում է դեպի անդունդ, որովհետեւ այն ուժը, որը հասցրել է երկիրը այս վիճակին, որեւէ առաքելություն չունի: Քաղաքագիտական տեսանկյունից նոնսենս է, որ այդ ուժը նորից ընտրվի»: Արմեն Մարտիրոսյանն էլ վստահ է՝ մեր հասարակությունը մազոխիստ չի, որ իրեն այս վատթար վիճակին հասցնողին քվեարկի, որքան էլ ճնշում լինի, ընտրակաշառք լինի:

«Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն ասաց, որ իրենց ծրագրի անունն է «365», որովհետեւ ուզում են, որ ամեն օրվա կտրվածքով քաղաքացին զգա, թե ինչ է փոխվում իր կյանքում:

Հարցին՝ ինչո՞ւ ձեր դաշինքի անունը «ՕՄՕ» չդրեցիք՝ Օսկանյան-Մարտիրոսյան-Օհանյան, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն դուք եք քարոզարշավն անում, նա այնքան մեկուսացված է այս ամենից, անգամ քարոզարշավներին չի մասնակցում, դաշինքն իր անունով է, ինքը ոչ մի տեղ չկա՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարոն Հովհաննիսյանն ակնհայտորեն երկրի խարիզմատիկ առաջնորդներից մեկն է: Դաշինքն ակնհայտորեն ձեւավորվել է ոչ թե իմ նման համեստ անձանց շուրջ, այլ երեք պետական, հասարակական գործիչների անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ: Դրա համար շատ ճիշտ է, որ ձեւավորվել է ՕՐՕ դաշինքը՝ ոչ իմ մասնակցությամբ»:

Թե ե՞րբ կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս պահին նա ԱՄՆ-ում է՝ գործնական հանդիպումների պատճառով, ցանկացած պահի կարող է միանալ:

Հարցին՝ խախտո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ խոստանում է գազի կամ այլ կոնկրետ խնդիրներ լուծել, երբ մարդիկ դիմում են՝ Ստեփան Մարգարյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ ԿԸՀ-ն պետք է գնահատական տա:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Գելափի» հարցումները, ըստ որի դուք խորհրդարան չեք մտնի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժամանակին կային կոոպերատիվ դաշնակցություն, կոոպերատիվ ռամկավարներ, կոոպերատիվ հնչակյաններ, հիմա կա նաեւ կոոպերատիվ «Գելափ»: Նախ, ԱՄՆ-ի իսկական Գելափը հայտարարել է, որ իրենք որեւէ առնչություն չունեն իրենց հետ, իրենք դատական վեճերի մեջ են: Երկրորդ՝ որեւէ հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոն ընտրությունների սկզբում նմանատիպ վարկանիշային տվյալներ չի հրապարակում: Նույն «Գելափը» 2013-ին ՐաՖֆի Հովհաննիսյանին տալիս էր 5 տոկոս, նա հավաքեց մոտ 70 տոկոս, իրական թիվը չթողեցին տեսնենք: Պաշտոնապես մնաց 37-ը՝ կեղծիքների արդյունքում: Ակնհայտ էր, որ այդ 5 տոկոսը եւ 70 տոկոսը բացարձակ իրար չեն համապատասխանում: «Գելափի» հարցումները, կարծում եմ, նաեւ մեր դեմ է ուղղված»:

Նա ասաց, որ իրենք հարցումներ են անցկացրել եւ պարզել են, որ «Գելափի» ներկայացրածն իրականությանը բացարձակ չի համապատասխանում ոչ միայն «ՕՐՕ» դաշինքի, նաեւ իշխանության մասով. «Իշխանությունների ձեռագիրն է, իրենց դուստր ձեռնարկությունն է»:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ «ՕՐՕ» դաշինքի օգտին բավականին մեծ ընտրազանգված կքվեարկի:

Ստեփան Մարգարյանն էլ հավելեց. «Աբսուրդ է ընտրությունների քարոզարշավի առաջին օրը վարկանիշային թվեր հրապարակել: Այստեղից պարզ է, թե ում ականջներն են երեւում այս կոոպերատիվ «Գելափի» հետեւում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031