Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված տնտեսական վիճակին., տնտեսության զարգացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ երկրի հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վրա դնելու համար Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում:
Reuters-ը գրում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, վերջին երկու տարիներին սեփական մաշկի վրա զգացել է ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները, ինչի պատճառով 2016-ին Հայաստանի տնտեսական աճը 3 տոկոսից դարձել է 0.2 տոկոս:
«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն… մենք կկարողանանք այս տարի հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի»,-ասել է Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Reuters-ը, վկայակոչելով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, հիշեցնում է, որ 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը հայտնվել է 113-րդ հորիզոնականում՝ 176 երկրների շարքում:
«Հենց որ կարողանանք կայունացնել տնտեսական վիճակը, կկարողանանք նաև կայուն տնտեսական աճ գրանցել 2018թ. սկսած»,-ասել է վարչապետը՝ իրատեսական համարելով այս տարի մինչև 850 միլիոն դոլարի ներդրումները, որոնք հիմնականում կլինեն մասնավոր սեկտորներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ