Մարտի 3-ին և 4-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրեց դոնորագրում:
Նշանակալից և շատ կարևոր այս միջոցառումները տեղի ունեցան Ախալցխա, Ախալքալակի և Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանի և միության մյուս անդամների անգնահատելի աջակցության շնորհիվ։
Դոնորագրման միջոցառումները ջավախահայության շրջանում ընդունվեցին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ։ Մասնակիցները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, շատ էին հետաքրքրված Ոսկրածուծի Դոնորների Ռեեստրի գործունեությամբ, անցած ճանապարհով և պատրաստակամությամբ միացան հիմնադրամի աշխարհասփյուռ ընտանիքին։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը և բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ կարդացին՝ հավաքվածներին ներկայացնելով ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները և կարևորությունը։ 17 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի և արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին և, ինչու չէ, օտարազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները: Հիմնադրամի թիմը շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի գրասենյակին, մասնավորապես Կարինե Թադևոսյանին և ջավախահայերին ջերմ ընդունելության և ցուցաբերած ակտիվության համար։
Երկօրյա դոնորագրումների արդյունքում 76 հայ կամավորներ միացան այս հիրավի մարդասիրական գործին։
* * *
Կարդացեք նաև
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականին՝ ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Կազմակերպությունը գրանցվել է, որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր։
Մամլո հաղորդագրություն