Լրահոս
Օրվա լրահոսը

«14 վարչապետներից միայն ես եմ, որ անգամ մի կրպակ չեմ բացել». Հրանտ Բագրատյան

Մարտ 09,2017 16:20

«Ազատ դեմոկրատների» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը զգուշացնում է, թե ընտրակաշառքները ամիսներ հետո ժողովրդի «քթից բերելու են: Երկրին սպասվում է կոլապս ու նոր մեծ պարտքեր»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ ժողովուրդն ավելի ու ավելի է հակվում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» բաժանելիք ընտրակաշառքին. «Մեկը պատմում էր, որ երբ փորձել էր երկու-երեք տեղից փող ստանալ, նրանց փող տվողն ազնվության կոչ էր արել: Պարզ է, որ տեղերում, տներում են փորձում հարց լուծել` փողեր բաժանելով: Ժողովրդի ավելի մեծ տոկոսն է հակված փող վերցնելու: Բայց հետագայում փող չվերցնելը պատժվելու է: Եթե 2012-ին նման գործընթացներում Երևանն ընդգրկված չէր, հիմա Երևանն էլ է ընդգրկված: Գյուղերի մասին չեմ ասում. նույնիսկ հեռուստացույցով ցույց տվեցին, որ գոռում են, թե մեր գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին գրած չէ, թե ինչքան փող եք բաժանելու»:

Հրանտ Բագրատյանը խոստովանում է, որ կա վախի մթնոլորտ. «Վախը ոչ թե այն է, թե կբռնենք, կծեծենք, այլ այն հոգեբանությունն է, թե ի՞նչ ճար ունես, ուրիշ ճար չունես, անգամ գործի ճար տեսնել չես կարող»:

Պարոն Բագրատյանը վստահեցրեց, թե 14 վարչապետներից միայն ինքն է, որ նույնիսկ մեկ կրպակ չի բացել, մինչդեռ մյուսները պարապ չեն մնացել:

Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի պատգամավորի թեկնածուի` ախպերական կապն աշխատում է ավելի շատ, քան օրենքը:

Որպես լուծման ճանապարհ Հրանտ Բագրատյանն առաջարկում է. «Մենք ասում ենք` եկեք կտրուկ ավելացնենք փոքր ու միջինի մասնաբաժինը: Երբ օլիգարխը գալիս ու կառուցում է առևտրի մեծ կենտրոն, դա նշանակում է, որ 2000 հատ փոքր կետեր փակվեցին: Փոքր ու միջինի տեսակարար կշիռը պետք է դարձնել մինչև 60 տոկոս»:

Իր` ընտրվելու շանսերը գնահատելով` պարոն Բագրատյանն ասաց. «Կենտրոնում շատ շանսեր ունեմ լուրջ ձայներ հավաքելու: Օրական 5-10 հոգի մոտենում է կենտրոնական շտաբ ու ասում, թե ձեզ ձայն ենք տալու: Բայց ավելի մտահոգ եմ, որ այդ ձայները պահենք, թե չէ նախագահական ընտրություններին ես 9 տոկոս էի հավաքել, երկուսը ցույց տվեցին, որ ապահովեն Սերժ Սարգսյանի հաղթանակը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031