Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը բորբոքվեց, երբ Ծառուկյանի տուկի թելի մասին հիշեցրին

Մարտ 09,2017 16:12

«Ծառուկյանը, որտեղ գտնվում է, որտեղ մասնակցում է քարոզարշավին, քարոզարշավը իսկապես ժողովրդական բնույթ է կրում: Բնակավայրերի ամբողջ ժողովուրդը գալիս է եւ սպասում են ռեալ գործերի, քանի որ գիտեն, որ այդ մարդու կողմից են ռեալ խնդիրներ լուծվում: Այսօրվա դրությամբ սկսած կենցաղային խնդիրներից մինչեւ պետական բնույթի խնդիրները, իր կողմից են լուծվում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, Գեղարքունիքում ռեյտինգայինով առաջադրված Վարդան Բոստանջյանը;

Նա խոսեց իրենց դաշինքի ծրագրային 15 կետերի մասին՝ ասելով, որ հանրությանը հուզող բոլոր խնդիրները ներառված են այդ ծրագրում: Նա ասաց, որ իհարկե, Ծառուկյանն ինքն էլ գիտի, որ բարեգործություններով չես կարող երկիր կառուցել: Երկիր կառուցելու համար համալիր քայլեր են պետք: Վարդան Բոստանջյանն ասաց, որ քարոզարշավների ժամանակ, մարդկանց հետ հանդիպումներին հասարակությունը հետաքրքրվում է կոռուպցիայից, տնտեսական խնդիրներից, որոնք հուզում են իրենց:

Aravot.am-ը հարցրեց՝ Ծառուկյանի հետ քարոզարշավային հանդիպումներից տպավորություն է, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց այսօրվա խնդիրը, խաղողը, կենցաղային հարցերը, սերմացուի հարցը, ոչ թե Ծառուկյանի հեռահար ծրագրերը, ճի՞շտ է՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ճիշտ եք նկատել, բայց ես ուզում եմ զարմանալ ձեր զարմանալու վրա: Այո, քաղաքացուն առաջին հերթին պետք է հուզի այն հարցը, ինչի տիրույթում ինքը գտնվում է: Ինքը այդ տեղամասում է, խաղողը շեշտեցիք, ինքը այդտեղից կարող է եկամտի աղբյուր փնտրել: Պարզ չի՞, որ իրեն պետք է առաջին հերթին հետաքրքրի այդ հարցը: Իհարկե, հասկանալի է, որ նման ձեւով մենք չենք կարող ամբողջական հաջողության հասնել; Դրա համար պետք է ճիշտ հարկային քաղաքականություն: Խոսում ենք ազատ մրցակցության մասին, բայց մարդիկ փոքր շրջանառության գործունեություն իրականացնելով հանդիպում են մենաշնորհ ունեցող տնտեսվարողների հետ ու ոչ արտահանման դաշտում են կարողանում գործել, ոչ ներմուծման դաշտում, ոչ կարողանում են իրացման դաշտում գտնել: Պարզ չի՞, որ մարդը պետք է առաջին հերթին դրանից խոսի, ինչի՞ պետք է խոսի այն բաների մասին, որոնց մասին պատկերացում չունի»:

Մեր դիտարկմանը, որ Ծառուկյանին մարզերում ասոցացնում են եւ ընկալում են՝ որպես տուկի թելի, սերմնացուի աղբյուր, ոչ որպես քաղաքական գործիչ՝ Վարդան Բոստանջյանը բորբոքված արձագանքեց. «Ես չեմ իմանում ձեր հարցն ինչ նպատակ է հետապնդում: Ակնհայտորեն դուք նման հարցերը պետք է կարողանայիք շպրտել մի կողմ: Այսինքն, մնացածը ուժեղ քաղաքական գործիչ են, հա՞, որոնք խաբում են, որոնք ոչինչ չեն անում, որոնք պետության հաշվին ճոխ ապրում են: Նրանք քաղաքական գործիչներ են, այդպիսի՞ քաղաքական գործիչներ եք ուզում, գնացեք այդպիսի քաղաքական գործիչներին ընտրեք: Ես հարցը չեմ կարողանում հասկանալ, չեմ իմանում՝ հանձնարարությունն է էդպես, թե ինչ…»:

Երբ հակադարձեցինք, որ արդեն որերորդ ասուլիսն է՝ Բոստանջյանը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն նրանց մեղադրում է հանձնարարություն կատարելու, պատվեր կատարելու մեջ՝ նա արձագանքեց, թե՝ «Մի զայրացեք էդպես, որովհետեւ էդ բանը անում եք»: Հավելեց. «Ուրեմն էն մարդը, որ երկրի համար անում է մեծ գործ՝ էդ մասին չեք խոսում, տուկի թելից եք խոսում: Բա երիտասարդ եք, ձեզ սազո՞ւմ է էդ բանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031