«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու, հոգեբան Մարիաննա Ֆրունջյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 3-րդ եւ 4-րդ երեխան ունենալիս պետության կողմից միանվագ գումար է ստացել, ինչը ՀՎԿ-ի օրենսդրական նախաձեռնության արդյունքն է: «Ունեմ չորս երեխա, երեքն անվճար են հաճախում մանկապարտեզ: Սա եւս ՀՎԿ-ի նախաձեռնությունն է եղել: Հիմա փորձելու ենք այդ ծրագիրն ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի վերջիններս էլ օգտվեն այդ ծառայություններից: Մարզերում շատ երեխաներ դուրս են մնում կրթական համակարգից, որովհետեւ շատ ընտանիքներ չեն կարող անգամ մանկապարտեզի գումարը վճարել»:
Մարիաննա Ֆրունջյանի փոխանցմամբ, ՀՎԿ-ն իր նախընտրական ծրագրով առաջարկում է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին տալ հավաստագրեր, որպեսզի այդ ընտանիքների երեխաները դրանցով կարողանան անվճար կրթություն ստանալ: Բանախոսը հիշեցրեց, որ ըստ ՀՎԿ ծրագրի՝ բանակում 18 տարեկանները չպետք է ծառայեն. «Լինելով հոգեբան՝ հասկանում եմ, որ դա շատ մեծ «տրավմա» է այն երիտասարդի համար, որը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում է, մինչդեռ կրթված չէ՝ վճռական որոշումներ կայացնելու հարցում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիաննա Ֆրունջյանի սոցցանցի էջից