Արաբկիր համայնքի Կիևյան 7 հասցեում գտնվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբից այսօր սկսվեց կուսակցության՝ թիվ 2 ընտրատարածքի (որն ընդգրկում է Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքները) թեկնածուների քարոզարշավը:
Aravot.am-ի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Վերոնիկա Դանիելյանցը, խոսելով կուսակցության նախընտրական ծրագրի մասին, առանձնացրեց քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ստվերի վերացումը, եվրոպական կողմնորոշումը: «Լինելով Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում եւ տեսնելով, թե ինչ իրավունքներ ունեն մարդիկ, կուզենայի, որ մեր երկրում էլ այդպես լիներ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Վերոնիկա Դանիելյանցը նշեց, որ ըստ կուսակցության նախընտրական ծրագրի՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից, որը, սակայն, չի ենթադրում Ռուսաստանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների վատթարացում. «ԵՏՄ-ն, ինչպես տեսնում ենք, մեզ ոչ մի բանի չբերեց տնտեսական առումով: Իսկ ԵՄ-ի հետ գործակցությունը կբերի վիզաների ազատականացմանը…»:
Հավելենք, որ թիվ 2 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուներն են նաեւ Արմեն Առաքելյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արա Խաչատրյանը, Արմինե Հովհաննիսյանը, Անի Սահակյանը եւ Արմեն Վարդանյանը: Շրջայցի ընթացքում նրանք քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ