Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագիրը

Մարտ 09,2017 15:11

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Այսպիսով՝ կհստակեցվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Գործադիրն հավանություն է տվել նաև Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագրին, որի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Այն հնարավորություն կտա նաև բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:

Հիմնադրամը կնպաստի գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը

 Գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը:

Կառավարությունը հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Ըստ կարևորության սահմանվել են կիրառման հետևյալ ոլորտները՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում (2017թ. մայիսի 1-ից), մսամթերքի արտադրություն` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում ( 2017թ. նոյեմբերի 1-ից), տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում         (2017թ. նոյեմբերի 1-ից), Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում (2018թ. ապրիլի 1-ից) և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն:

2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հանրապետության հողօգտագործողներին աջակցելու՝ մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է 34882 տոննա ազոտական, 983.5 տոննա ֆոսֆորական և 903.05 տոննա կալիումական պարարտանյութեր: Նշենք, որ եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել է 4 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ:

Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է ՀՀ-ում 2017թ. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Անհրաժեշտ սերմացուները ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիր են ունենում: Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կնքվելիք պայմանագրերում ամրագրվել է կողմերի պատասխանատվությունը: Նախարարը պատասխանել է. «Այո, մենք ամրագրել ենք: Սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

 Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: Օրինագիծն ընդունվելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով: Ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

Կառավարություն հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Մասնավորապես, «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում բնականոն աշխատանքը կազմակերպելու և դեպարտամենտում ծառայողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի դեպարտամենտի կանոնադրությունը հաստատվի կոմիտեի նախագահի կողմից:

 Այլ որոշումներ

Ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ձևով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընտրական գործընթացում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ոստիկանությանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Նոր կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմին վարձակալությամբ տարածք կտրամադրվի՝ մանկապարտեզի գործունեություն կազմակերպելու նպատակով:

Գործադիրը որոշել է Երևանի Նոր-Նորքի Դ.Մալյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող լաբորատորիայի տարածքը հետ վերցնել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031