Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու սևամորթ ֆուտբոլիստները թատրոնի տեսահոլովակում կատարում են «Հոպ ջան Լեննագան» երգը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 09,2017 14:53

Թատրոնի միջազգային օրվան նվիրված տեսահոլովակի նկարահանմանն այս տարի մասնակցել են նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացող երեք սևամորթ ֆուտբոլիստները՝ Սոլոմոն Իմե Ուդոն՝ Նիգերիայից, Ումարու Կաինան՝ Կամերունից և Մուհամեդ Կաբան՝ Կոտ դ՛իվուարից։ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը պատմեց, թե ինչպես է ծնվել նրանց տեսահոլովակում նկարահանելու գաղափարը։

«Ամեն տարի Գյումրու դրամատիկական թատրոնը փորձել է իր մասնագիտական տոնը յուրովի նշել, բացառություն չէ նաև 2017-ը։ Բնականաբար, ամեն տարվա նկարահանվող հոլովակները հետաքրքիր դարձնելու համար մտածում ենք գովազդային որևէ հնարք, որն էլ ավելի ուշադրություն կսևեռի և ավելի յուրօրինակ կդարձնի հոլովակը։

Գիտեք, այս տարի կայանալիք համերգ-ներկայացումը միջազգային օրվա շրջանակներում շատ յուրահատուկ է։ Այս տարի մենք անում ենք «Ջագ Բամբիռ թատրոն» վերնագրով թատերական նախագիծը «Բամբիռ» ֆոլք-ռոք անսամբլի հետ, որը դառնալու է Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումը։ Այս ներկայացման ժամանակ հնչեցվում են բոլոր երգերը, որոնք ժամանակին ներկայացումների համար գրել է Գագիկ Բարսեղյանը՝ Ջագը՝ սկսած Խորեն Աբրահամյանի ժամանակներից, երբ որ նա է ղեկավարել թատրոնը և բեմադրություններ է արել, Գրիգոր Մկրտչյանի շրջանում, Վովա Քոչարյան, մեր օրերից նաև Ռաֆայել Գրիգորյան, մյուս, մյուս…

Այդ բոլոր ժամանակների սիրված երգերը, որոնք նաև եղել են, այսպես ասած, ձևավորումներ հատուկ ներկայացումների համար, այդ երգերը կհնչեն բեմից և կպատմեն ներկայացումներից հետաքրքիր դրվագներ, որոնք հանդիսատեսը չի տեսել, այսպես ասած զավեշտալի դեպքեր, որոնք տեղի են ունենում ներկայացումների և փորձերի ընթացքում բեմում և կուլիսներում։

Մենք ունենալու ենք երեք մասանոց համերգ-ներկայացում, որը պատմելու է երեք տարբեր շրջանների մասին մինչև մեր օրերը։ Բնականաբար, գիտեք Գյումրին ունի իր բրենդային երգը «Բամբիռի» մատուցմամբ, դա «Հոպ ջան Լեննագան» երգն է, որը շատ հայտնի է, և մենք որոշեցինք, որ գովազդային հոլովակը պիտի նկարահանենք այդ երգի հիման վրա՝ հրավիրելով քաղաքի հայտնի մարդկանց։ Ներկա էր տիկին Հասմիկ Կիրակոսյանը, քանդակագործ Արտուշ Պապոյանը, սեյսմոլոգ, մեր հարգարժան գիտնական Սերգեյ Նազարեթյանը, քաղաքի մի շարք մտավորականներ։

Բնականաբար, պիտի լինեին սպորտի ոլորտից ներկայացուցիչներ, և Գյումրու դրամատիկական թատրոնի աչքից չէր կարող վրիպել «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ու հրավիրյալ ֆուտբոլիստները, որոնք խաղում և ապրում են այս քաղաքում։ Ամենակարևորը իրենք մեծ սիրով համաձայնեցին նկարահանվել այս տեսահոլովակում և պիտի տեսնեիք, թե մեր սևամորթ, այսպես ասած, համաքաղաքացիները ինչ մեծ ոգևորությամբ էին բոլոր գյումրեցիների հետ միասին կատարում «Հոպ ջան Լեննագանը» երգը։ Ես գտնում եմ, որ սա շատ հետաքրքիր կլինի նախ հանդիսատեսի, հեռուստադիտողի համար, և մեծ ուշադրություն կսևեռի նախագծի վրա, որովհետև պրոֆեսիոնալ թիմի կողմից պատրաստվող այս հոլովակում նկարահանվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ողջ ստեղծագործական խումբը՝ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանը, Սուսաննա Բաղդասարյանը, ամբողջ կոլեկտիվը։

Դուք պետք է տեսնեիք, թե ինչ աժիոտաժ էր տիրում նկարահանման տաղավարում, որը Գյումրու դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր դահլիճն էր։ Հիմա մոնտաժային աշխատանքներ են կատարվում, ինձ թվում է հոլովակը մեծ հետաքրքրություն պիտի առաջացնի ներկայացման հանդեպ, որովհետև հնչում է բոլորիս հայտնի «Հոպ ջան Լեննագան» երգը։ Մենք միշտ կողմ ենք համագործակցություններին, թատրոնի դռները միշտ բաց են եղել, և առիթ ունեցել ենք ևս մի քանի անգամ համագործակցել թատրոնի միջազգային օրվա շրջանակներում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, այս անգամ նաև մեր շատ հարգելի ֆուտբոլիստների հետ, որոնք որ ապրում են մեր քաղաքում, խաղում մեր ֆուտբոլային ակումբում»։

Հարցին՝ ֆուտբոլիստների մոտ ստացվե՞ց Գյումրու բարբառով երգելը, Տիգրան Վիրաբյանն ասաց. «Տեսնեիք իրենց ոգևորությունը, ինչպես էին իրենք փորձում, որ թատրոնի տեսահոլովակը լավ ստացվի։ Մեր դերասաններից մեկը կատակեց, թե 3 սևամորթ դերասաններ ենք հրավիրել գարնանային տրանսֆերային պատուհանով Գյումրու դրամատիկական թատրոն»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Կազմակերպչականությունը բարձրացել է Գյումրու թատրոնի, բայց ներկաայցումների մակարդակը դեռ բարձր չէր. հիշենք <> ներկայացումը: Բացի Լիր արքայից բոլորը թույլ էին խաղում կամ կիսատ-պռատ: Անհաջող պիեսներ են ընտրում բեմադրելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031