«Այո, բազմաթիվ մարդիկ Տավուշի մարզում, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, տարբեր հարցերով և խնդրանքով են դիմել Գագիկ Ծառուկյանին, սակայն որևէ մեկին կոնկրետ որևիցե բան չի տրամադրվել: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու ապրիլի 2-ի ընտրություններից հետո»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի խոսնակ, դաշինքի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի կողմից ցուցաբերված մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձևակերպման հետ. «Եթե մարդիկ մոտենում և ասում են, որ կա առողջական խնդիր, բնականաբար, պարոն Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնում աջակցելու»:
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը խախտում է օրենքը: Տավուշի մարզում, քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը դրամական օգնություն է տվել մի քաղաքացու, նաեւ վիրահատության կամ այլ հարցերում օգնություն հայցողներին խոստումներ է տվել:
Ի դեպ, համանման դեպք երեկ եղավ Մեծամոր քաղաքում, ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էլ: Մեծամորի մշակույթի տան դահլիճում մի կին խոսք խնդրեց եւ ասաց, որ երեխան վիրահատության կարիք ունի: Վարչապետն իր օգնականներին հանձնարարեց` հեռախոսահամարներ վերցնել եւ զբաղվել այդ հարցով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ