Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Անհաղթահարելին չգիտակցող տղան

Մարտ 09,2017 13:50

«Կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը»,-ասում է 18-ամյա Գևորգ Աֆրիկյանը, ով ի ծնե տեղաշարժման դժվարություններ ունի, բայց ոչ երբեք առաջ շարժվելու, կատարելագործվելու և ավելի լավը դառնալու:

Գևորգի տարբերվող դիմագիծը ամբոխի միջից միանգամից առանձնացրի. ֆիզիկապես մի քիչ երերուն, բայց վստահ ու հաստատուն էին Գևորգի քայլերը, հայացքը`խելացի ու հասուն:

Հետո պիտի իմանայի` Գևորգի համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան. եթե շատերս մեր երկու առողջ ոտքերով համարյա չենք էլ փորձում պարել, Գևորգն արդեն պարուսույց է, ազգագրական պարեր է սովորեցնում 7-15 տարեկան երեխաներին:

«Ազգային երգն ու պարն ինձ համար ուրիշ աշխարհ են, ես ազգայինի «գիժ եմ»,-խոստովանում է տղան:

Պատմում է, որ այցելում են նաև զինկոմիսարիատներ ազգային երգ ու պարով նորակոչիկներին ոգևորելու և ճանապարհելու. «Անհրաժեշտության դեպքում ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս»,-ասում է Գևորգը:

Ապրում է Գավառ քաղաքում, որտեղ նրան բոլորն են ճանաչում` շնորհիվ իր ամուր կամքի ու վճռականության: Մասնագիտությամբ համակարգչային օպերատոր է, պատրաստվում է ձեռք բերել նաև երկրորդ մասնագիտություն. ապագա իրավաբան է:

Զբաղվում է բազկամարտով ու մարմնամարզությամբ. մասնակցել ու հաջողություններ է գրանցել մի շարք մրցումներում. մի խոսքով` Գևորգին կարելի է հանդիպել ամենուր, կատակում է. «Ընտանիքիս անդամները դժգոհում են` ինձ տանը դժվար է տեսնել»:

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ սեմինար է անցկացրել և նրանցից շատերին համոզել է` հաշմանդամությունը դեռ վերջը չէ, ներփակվելը սխալ է:

Տասներկու տարեկանից համագործակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` կատարել բազմաթիվ կամավորական աշխատանքներ:

«Տարբեր արշավների եմ մասնակցում, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար բարեգործական ակցիաներ ենք իրականացնում, այցելում ենք նաև զորամասեր»,-պատմում է Գևորգը:

Սկզբում դժվարությամբ է հաղթահարել հասարակության վերաբերմունքը, իսկ այսօր ասում է. «Ես խնդիր ունեցող բոլոր երեխաներին խորհուրդ եմ տալիս երբեք ուշադրություն չդարձնել ոչնչի վրա, միայն շարժվել առաջ, ինչպես բոլորը»:

Նա միշտ լավագույնների մեջ է՝ բոլոր ոլորտներում. «Երբ ինձ ասում են ինչ-որ բան չես կարողանա, ես ամեն գնով հասնում եմ անհնարինին ու ապացուցում, որ կարող եմ»,-ասում է տղան: Իսկ այս խոսքերի լավագույն ապացույցն այն է, որ Գևորգը կարողացել է հաղթահարել Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան բարձունքը (2829մ):

Հերմինե Ղարիբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031